Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 22-ին վարույթ է ընդունել Արկադի Գրիգորյանի գործը:
Նա Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար կեղծ փաստաթղթային հիմքեր է ձեռք բերել:
«Արկադի Գրիգորյանը նախնական համաձայնության է եկել իր հեռավոր ազգականի հետ և նրա աջակցությամբ` վերջինիս ծանոթ ոմն Տարոնի միջոցով 30 հազար ՀՀ դրամի դիմաց 2017 թվականի հուլիս ամսին, Երևան քաղաքում` «Կոնգրես» հյուրանոցին հարակից այգում, ձեռք է բերել իրավունք վերապահող` անհայտ անձի կողմից պատրաստված «ՎՏԲ» բանկում 3150 եվրո բանկային հաշիվ ունենալու և «Փառանձեմ Մարգարյան» ԱՁ-ում իբր աշխատելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:
Այնուհետև, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, մի քանի օր անց դրանք այլ փաստաթղթերի հետ օգտագործելով` ներկայացրել է վիզաների աջակցման հարցերով զբաղվող` «Թի Էլ Էս կոնտակտ Էյ Էմ» ՍՊԸ և դրա հիման վրա ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանատնից ստացել է «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի արտոնագիր և մեկնել ՀՀ-ից»,- նշված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:
Արկադի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1 մասի հատկանիշով: