8,2 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 23-ին տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, ցունամիի սպառնալիք է հայտարարված: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ծառայությունը նախ հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 8,0, սակայն ավելի ուշ գնահատականը բարձրացվել է մինչև 8,2:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալյասկայի ծոցում՝ Կադյակ քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում: Օջախը 19 կիլոմետր խորության վրա էր:
Ինչպես հայտնել է Ցունամիների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը, ցունամիի սպառնալիք է հայտարարված ԱՄՆ-ի Ալյասկայի, Վաշինգտոնի և Հավայիի նահանգների, Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: