Շաբաթներ առաջ՝ հունվարի 8-ին, մեկնարկեց նոր, մինչ այս իր տեսակով առաջինը, ֆանտաստիկայի տարրեր պարունակող «Sos. փրկեք մեր հոգիները» 25 մասից բաղկացած հեռուստասերիալը, որն ամբողջ ընթացքում ուղեկցվում է արկածներով, սարսափ առաջացնող և արյունոտ տեսարաններով: Հեռուստասերիալում, որը նախատեսված է 18 տարեկանը լրացած անձանց համար, ընդգրկված են մի շարք հայտնի դերասաններ՝ Արման Նշանյան, Աննա Մանուչարյան, Մարիամ Դավթյան, Գայանե Բալյան և այլք: Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ սերիալում իր կերպարի, նկարահանման ընթացքի և հանդիպած դժվարությունների մասին:
«Մինչ այս հայկական սերիալարտադրության մեջ նման բան չէր եղել: Սերիալում ընդգրկվել եմ ամենապարզ տարբերակով՝ քասթինգի միջոցով: Սերիալի ռեժիսոր Հարութ Շատյանը և պրոդյուսեր Արա Բաղդասարյանը որոշեցին, որ ես պետք է մարմնավորեմ կոնկրետ Մանեի կերպարը, որը համարվում է դրական կերպար»,- պատմեց դերասանուհին:
Նրա խոսքով՝ սիրով է համաձայնվել նկարահանվել տվյալ հեռուստասերիալում, քանի որ անձամբ էլ ցանկություն ուներ հանդիսատեսին նորովի ներկայանալու.
«Վաղուց էի ցանկանում այս ժանրի որևէ ֆիլմում նկարահանվել և այս դեպքում, կարելի է ասել, որ թե իմ և թե Հարութի ու Արայի ցանկությունները համընկան»,- նշեց Գայանե Բալյանը:
Խոսելով նկարահանման հրապարակում հանդիպած դժվարություններից՝ Գայանեն խոստովանեց, որ որպես այդպիսին դժվարություն ինքն անձամբ չի ունեցել, բացառությամբ ցուրտ եղանակին նկարահանվելուց.
«Նկարահանումները տևել են երեք ամիս՝ շոգ եղանակից մինչև ցուրտ եղանակ: Տեսարանները հիմնականում նկարահանվել են անտառում, ինչն արդեն ծանր էր մեզ համար: Եվ չնայած այս ամենին՝ պետք է նշեմ, որ ամեն ինչ այնքան հետաքրքիր էր անցնում, տեսարաններն այնպիսի հետաքրքրությամբ էինք նկարահանում, դերասաններից յուրաքանչյուրն այնքան պրոֆեսիոնալ էր մոտենում իր դերին, որ ոչ մի ցուրտ եղանակ, ոչ մի խանգարող հանգամանք հիմք չհանդիսացավ, որպեսզի մեր աշխատանքը չլինի այնպիսին, ինչպիսին որ պետք է լիներ»,- մանրամասնեց Գայանեն:
Անդրադառնալով սերիալում իր խաղընկերներին՝ դերասանուհին ասաց, որ նրանցից շատերի հետ ինքն անձամբ ծանոթ էր, իսկ մնացած դերասանների հետ ծանոթացել է արդեն նկարահանումների ժամանակ. «Խաղընկերներս շատ գրագետ, հաճելի ու տաղանդավոր մարդիկ էին: Նրանց հետ աշխատանքը բավական հեշտ էր, որովհետև նրանք իսկական պրոֆեսիոնալներ են»,- ավելացրեց Գայանե Բալյանը:
Վերջինս նշեց, որ այս հեռուստասերիալն իր գործունեության մեջ առաջին սերիալն էր, որը բաղկացած էր 25 մասից: Մինչ այս դերասանուհին նկարահանվել է երկար տևողություն ունեցող սերիալներում: Իսկ թե ի՞նչ նոր բան տվեց տվյալ «Sos. փրկեք մեր հոգիները» հեռուստասերիալն իրեն, Գայանեն պատասխանեց.
«Նախ այն, որ Հայաստանում սերիալն իր ժանրի մեջ առաջինն էր և այն փաստը, որ ես ընդգրկված էի դրանում, արդեն իսկ ոգևորող էր ինձ համար: Եվ հետո դրա կարճ տևողության շնորհիվ մեր նկարահանումներն այնքան դինամիկ անցան, որ դա էլ ինձ համար հաճելի հանգամանք էր»,- զրույցի ընթացքում նշեց դերասանուհի Գայանե Բալյանը: