Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին։ Երիտասարդ երգչուհի Ամալյա Մարգարյանին լսարանը կարող է հիշել ուկրաինական X Factor և «Ռուսաստանի ձայնը» նախագծերից։ Հիմա Ամալյան ներկայացված է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում։ Նա պայքարում է հաղթանակի համար Waiting For The Sun երգով, որի համահեղինակներն ինքն ու Վարդան Յանիկյանն են։
Ամալյան նախորդ տարի ևս մասնակցել է «Դեպի Եվրատեսիլին», սակայն երրորդ փուլից դուրս է մնացել։ «Այս տարի ևս որոշեցի մասնակցել, քանի որ ձևաչափն է փոխվել` մենք մեր երգերով ենք ներկայանում։ Բացի այդ, նախորդ տարի այնքան էլ ինքավստահ չէի, այս տարի ավելի վստահ եմ դարձել»,– ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարի իրեն փորձել է տարբեր ոճերում։ Այս տարի ներկայանում է իրեն հոգեհազաատ ոճում։
Երիտասարդ երգչուհին կարևորում է կատարումը։ Ասում է` ինքն ավելի զգացմունքային երգ է ներկայացրել, քանի որ հենց այսպիսի երգեր է կարողանում հասցնել մարդկանց. «Յուրաքանչյուր կատարող պետք է իրեն համապատասխան երգ ներկայացնի։ Դու կարող ես համոզիչ լինել քո կերպարի մեջ։ Պետք է լավ ներկայանաս քո ոճի մեջ»։
Երգչուհին ասաց, որ «Դեպի Եվրատեսիլի» բեմում կներկայանա իր երգին հաապատասխան շոուով, սակայն այդ մասին բացահայտումներ անել չցանկացավ։
«Երգը գրել ենք շատ էմոցիոնալ վիճակում։ Մենք ունեինք երաժշտությունը, սակայն երկար ժամանակ խոսքերը չէինք գրում. մոտ 3 ամիս թեմայի փնտրտուքների մեջ էինք։ Այս տարի ԱՄՆ–ում փոթորիկներ եղան, մարդիկ տուժեցին։ Երբ իմացանք այդ մասին, ստուդիայում էինք, այդ տպավորությունների մեջ մոտ 10 րոպեում շարադրեցինք խոսքերը։ Երգն այն մասին է, որ մարդիկ կորցնում են իրենց տները, իրենց հույսը, իրենց լույսը, սակայն գիշերվանից հետո միշտ գալիս է առավոտ։ Ես գուցե չեմ բախվել աղետների, սակայն այս բառերը կարելի է այլ իրավիճակի էլ վերագրել ու վերապրել»,– ասաց նա։
Թեև Ամալյան կարևորում է հաղթանակը «Դեպի Եվրատեսիլում», ասում է` չհաղթելու դեպքում շատ չի հիասթափվի։ «Ես շատ մեծ աշխատանք եմ տանում, որպեսզի իմ ելույթը համոզիչ լինի։ Ինձ համար շատ կարևոր է հաղթանակը։ Ես իմ երգը շատ եմ սիրում և համարում եմ, որ իմ երգն արժանի է ներկայանալու, սակայն եթե ես չհաղթեմ, շատ մեծ հիասթափություն չի լինի։ Կարծում եմ` շատ արժանի մրցակիցներ և երգեր կան։ Ի վերջո, մենք Հայաստանն ենք ներկայացնում, եթե հաղթողը լինի ինձանից ավելի լավը, ես դա կընդունեմ։ Քանի որ երգի թեման գլոբալ ստացվեց, ես ուզում եմ հանրությունը լսի այս երգը։ Երեկ նամակ էի ստացել մի հունգարացու կողմից, որը կույր է։ Նա գրել էր, որ գրանցված չէ սոցիալական ցանցերում, նամակն էլ անձամբ չի գրում, սակայն շատ էր ցանկանում արտահայտել իր հիացմունքը։ Միգուցե, իմ երգն այդ մի մարդուն է հասել, սակայն ես ինձ համարում եմ լսված»,– ասաց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am