Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Երևանից մինչև Սևան ավոճանապարհի՝ Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի վարչական տարածքներում Ճանշինը կատարել է ճանապարհների ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, աա Հրազդանի Ճանշինը՝ տնօրեն Օնիկ Բաղդասարյանի գլխավորությամբ չեն բարեհաճել կատարել իրենց աշխատանքները, ինչի պատճառով էլ 1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ տեղի ունեցան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված վարորդներն ասում էին. «Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա այս մերկասառույցը չէր լինի»։ Մի քանի վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները տեղափոխել են դեպքի վայրից, քանի որ հույս էլ չունեն, որ թե ԱՊՊԱ-ն, թե, առավել ևս, Հրազդանի Ճանշինը կփոխհատուցեն։
Վթարների մեջ հայտնված վարորդներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Բոլոր վթարների փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: