Վատիկանում ՀՀ դեսպանությունը Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն կունենա: Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
«2016 թվականին Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահայտ երգչախմբի կողմից Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում Ալֆրեդ Շնիտկեի «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտի» հիանալի կատարումը տպավորել էր հյուրերին:
Համերգը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակվելուն։ Ստեղծագործության ընտրությունը պատահական չէր. Ալֆրեդ Շնիտկեն 1984-1985թթ. քառամաս կոնցերտը ստեղծել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության երրորդ գլխի հիման վրա։
Հենց այդ երեկոյան, համերգի աննկարագրելի էներգետիկայի տպավորության տակ, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը որոշեց Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետին նվիրված նոր նախաձեռնություն սկսել: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի…»,- նշել է դեսպան Մինասյանը: