Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչար. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչար. asekose.am

Արդեն մոտ 4 տարի Գերմանիայում բնակություն հաստատած, «Ես» երիտասարդական ժամանացային ամսագրի հիմնադիր, մոդել Անի Քոչարն օրերս նշում էր ծննդյան տարեդարձը: Asekose.am-ի հետ զրույցում Անին պատմել է օտարության մեջ ծնունդը նշելու, անսպասելի հանդիպման, տոնական օրերին տխրելու պատճառի մասին և ոչ միայն:

«Անկեղծ ասած` այս տարի իմ տարեդարձը, առհասարակ,  մտադրված չէի նշել, որովհետև շատ ծանրաբեռնված շրջան է ինձ մոտ` վերապատրաստման դասեր, աշխատանք, գործեր, շատ դժվար է, և ծնունդ կազմակերպելու եռանդ չկար: Բացի դրանից, այն քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, հայկական ռեստորան չկա, իսկ ես կցանկանայի հայկական միջավայրում տարեդարձս նշել: Սակայն իմ շատ սիրելի մի անձնավորություն որոշեց Բելգիայից ժամանել Գերմանիա և միասին  նշել տարեդարձս, ինչն էլ առիթ եղավ, որ նշեմ այն»,- պատմեց Անին:

Պարզվում է, որ Անիի` Բելգիայում ապրող երկրպագուհին` Լիլիթը, երկար տարիներ է, ինչ հետևում է նրա գործունեությանը:

«Լիլիթը շատ երկար տարիներ հետևել է իմ գործունեությանը, իմ ամսագրի գործունեությանը և մշտապես վիրտուալ տիրույթում ինձ հետ կապի մեջ է եղել: Մենք վերջին տարիներին  վիրտուալ տիրույթում մտերիմ ընկերուհիներ էինք դարձել, բայց նա հատուկ ժամանեց Գերմանիա` անձամբ ծանոթանալու  և ծննդյանս օրը միասին նշելու համար: Դրա համար ես որոշեցի փոքրիկ միջոցառում կազմակերպել իմ և ընկերուհիներիս համար: Շատ փոքր խմբով ենք նշել, չնայած` Գերմանիայում էլ հասցրել եմ ընկերներ ու բարեկամներ ձեռք բերել, ինչն ինձ միայն ուրախացնում է:Այնպիսի ձևաչափ էր, որ կանանցով նստենք, զրուցենք, վայելենք մեր ազատ ժամանակը` առանց մեր փոքրիկների: Մի գաղտիք ասեմ` անկեղծ ասած` ես չեմ սիրում իմ տարեդարձներն ինքս կազմակերպել, միշտ նախըտրել եմ, որ այդ օրը իմ հարազատները, մտերիմները, իմ սիրելի անձնավորությունն անակնկալ մատուցի, այդ իսկ պատճառով շատ չեմ ջանում, որ տարեդարձս ինչ-որ մեծ տոնակատարություն դառնա: Որդուս հետ առանձին ենք նշել: Նա արդեն բավական մեծ է, 6 տարեկան է, շատ լավ հասկանում է, որ մայրիկի տարեդարձն է, ինքը նույնպես բազմաթիվ նվերներ էր ստացել, որոնց համար շատ ավելի ուրախ էր (ժպտում է): Հենց միայն նրա ներկայությունն ինձ համար արդեն տոն է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարեդարձն իր տեսակով շատ հիշարժան էր.

«Այս տարեդարձը շատ նշանավոր էր, չնմանվող մյուս տարեդարձներին, հետաքրքիր` իմ երկրպագուհու ժամանումով: Հյուրեր ունեի նաև այլ երկրներից, սակայն շատ անձնական է, այս պահին չեմ ցանկանա այդ մասին խոսել: Միգուցե գա ժամանակը, երբ բացեմ փակագծերը: Ես շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ համար սրտացավ են , ովքեր ուրախանում են իմ ուրախությամբ, տխրում իմ տխրությամբ, ովքեր անտարբեր չեն իմ ցավի կամ դժվարության նկատմամբ: Ես փորձում եմ, որ իմ կողքին մշտապես նման մարդիկ լինեն»:

Անիի խոսքով`  արտերկրում ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում ենք մենք` Հայաստանում ապրող հայերս.

«Հայաստանում ապրողներին թվում է, թե Եվրոպայում ամեն ինչ նորաձև, գերժամանակակից, շքեղ ու ճոխ է: Իրականում նման բան չկա, հատկապես` Գերմանիայի այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում, սովորական քաղաք է, ոչնչով աչքի չընկնող, ավելին` ես երբեմն ասում եմ, որ սա մի գյուղաքաղաք է: Այստեղ չկան շքեղ ռեստորաններ կամ տոնակատարությունների սրահներ, այնպես որ Հայաստանում ավելի մեծ ընտրության հնարավորություն ունեն: Այստեղ որևէ ռեստորանում երաժշտություն առկա չէ, ցավոք, տարեդարձն անցնում է առանց երաժշտության»:

Անին խոստովանում է, որ իր համար կարևոր օրերին փոքր-ինչ տխրում է, որի պատճառն ընտանիքից և հարազատներից հեռու լինելն է.

«Իմ ծննդյան տոնին, Սուրն Ծնունդին, Ամանորին և այն բոլոր տոներին, որոնք ինձ համար կարևոր են, ինձ վրա մի փոքր տխրություն է իջնում, քանի որ գտնվում եմ ծնողներիցս, ավագ քրոջիցս հեռու, ստիպված եմ օտարության մեջ ընկերներիս և մյուս քրոջս հետ տարեդարձս նշել: Դա իրականում ինձ ցավ է պատճառում, քանի որ շատ լավ կլիներ, որ մարդը գոնե իր կյանքի հիշարժան օրերը կարողանար իր ընտանիքի ու հարազատների հետ նշել»;

Անին նշեց, որ մինչ օրս վիրտուալ տիրույթում ստանում է շնորհավորանքներ, հաղորդագրություններ, նվերներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի թանկ է իր համար.

«Ես ինձ շատ երջանիկ եմ համարում, որ շատերն ինձ չեմ մոռացել, անհամբերությամբ սպասում են իմ վերադարձին, անտարբեր չեն իմ անձի նկատմամբ: Նրանք հարյուրավոր են, որոնց մեջ կան նաև հասարակությանը հայտնի մարդիկ, ովքեր անընդհատ գրում են, հետաքրքրվում, ես բոլորին շնորհակալ եմ»:

Զրույցի վերջում Անին խոստովանեց, որ բազմաթիվ նորություններ ունի, սակայն փակագծերը դեռ չի ցանկանում բացել.

«Կյանքում, բնականաբար, փոփոխություններ շատ կան: Կյանքն առաջ է գնում, ժամանակն առաջ է շարժվում: Ես տեսակով ակտիվ  մարդ եմ, և իմ կյանքում ամեն ամիս է նորություն լինում»:

asekose.am



Նման նյութեր