Ընդամենը օրեր անց բոլոր սիրահարները ձեռնամուխ կլինեն աղի բլիթի ավետաբեր համտեսմանը, հույսով՝ վայրկյան առաջ իմանալու ապագա սիրելիի ով լինելը: Չէ՞ որ հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Երիտասարդ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով երեք զավակների մայր է, օրվա հուշարար աղի բլիթից, կարելի է ասել, երբեք չի օգտվել:
«Ուսանող էի, մեկ անգամ որոշեցի ես էլ փորձել: Մի փոքր կտրեցի կերա ու անմիջապես հասկացա, որ այլևս չեմ կարող ուտել: Բնականաբար, երազ չտեսա»,-Life.panorama.am-ի հետ զրույցում վերհիշեց դերասանուհին:
Հարցին՝ արդյոք աղի բլիթ պատրաստում է իր՝ արդեն գրեթե պարմանուհի դստրիկների համար, պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ես չեմ պատրաստում, աղջիկներս էլ չեն համտեսում: Գիտեք, ճիշտ է, ինձ հետ նման զուգադիպություն չի եղել, բայց շատերից եմ լսել, որ կերել են ու երազում տեսել ապագա ամուսնուն»:
Անահիտ Կիրակոսյանը կողմ է հայկական տոների և ավանդույթների պահպանմանը, բայց այնպես էլ չէ, որ լիովին մերժում է նորամուծությունները: Ըստ նրա՝ Սուրբ Վալենտինը, ճիշտ է, հայկական չէ, բայց կարևորը՝ սեր է քարոզում ու ևս մեկ անգամ չորսբոլորը սեր սփռում:
«Մեր տոները շատ կարևոր են, սակայն նաև դեմ չեմ, որ նշենք այն տոները, որոնք մեր ազգայինը չեն, բայց լցնում են օրը սիրով, ջերմությամբ ու ուրախությամբ: Ի վերջո, մեկը մյուսին չի խանգարում: Չէ՞ որ, որքան շատ սիրո տոն, այնքան լավ»,- նկատեց նա:
Հունվարի 27-ը Անահիտ Կրակոսյանն անցկացնելու է ամուսնու հետ: Ընդգծում է՝ կարևոր չէ՝ որտեղ և ինչպես, կարևորը՝ միասին:
«Քանի որ Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է, արդեն քանի տարի է՝ այդ օրն ամուսնուս հետ եմ անցկացնում: Այս տարին էլ բացառություն չի: Ու կցանկանամ, որ անկախ աղի բլիթի առկայությունից, բոլորը հավատան իրական սիրո գոյությանը: Ով դեռ չի գտել իր երկրորդ կեսին, թող այս տարի անպայման գտնի: Չէ՞ որ առանց սիրո կյանքն անիմաստ է»,- զրույցը եզրափակեց դերասանուհին: