Օրական ընդամենը մեկ ծխախոտը մարդու համար մահացու վտանգավոր է, պարզել են հետազոտությամբ, որը հրապարակվել է The BMJ ամսագրում:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ նույնիսկ չափավոր ծխելը կարող է կորոնար անբավարարություն առաջացնել և մեծացնել կաթվածի առաջացման հավանականությունը: Նրանք նաև զգուշացնում են, որ ծխախոտի անվտանգ քանակություն գոյություն չունի: Նրանց կարծիքով՝ օրական նույնիսկ մեկ ծխախոտը կարող է սիրտ-անոթային հիվանդություններ առաջացնել:
Սրա հետ կապված հետազոտողները խորհուրդ են տալիս ծխելուց ամբողջությամբ հրաժարվել, այլ ոչ թե նվազեցնել ծխախոտի քանակը: Սակայն միաժամանակ նշվում է, որ օրական ծխվող ծխախոտի թվի կրճատումը նվազեցնում է նաև քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Մասնագետներն ընդգծում են, որ ծխելու դեպքում հիվանդությունների առաջացման հավանականությունը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց:
Հետազոտության հիմքում դրված է մեթաանալիզի մեթոդը, որի ընթացքում գիտնականները հետազոտել են 50-ից ավելի գիտական հրապարակումներ՝ կապված մարդու առողջության վրա ծխելու ազդեցության հետ: