Հայաստանում 2018-ի հուլիսին պանրի և թթվասերի մասին «դառը» ճշմարտությունը կբացահայտվի
Advertisement 1000 x 90

Հայաստանում 2018-ի հուլիսին պանրի և թթվասերի մասին «դառը» ճշմարտությունը կբացահայտվի

Ոչ կաթնային յուղերով կաթնամթերքն այսուհետ նոր չափորոշիչների պետք է համապատասխանի։

2018 թվականի հուլիսից Հայաստանի վաճառասեղաններից պետք է վերանան «թթվասերիկը», «կաթնաշոռիկն» ու ոչ կաթնային բաղադրամասերով այլ կաթնամթերքները։ Անել դա կստիպեն «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգում մտցված փոփոխությունները։

Ոչ կաթնային յուղերով (և այլ բաղադրիչներով) կաթնամթերքների անվանումները չպետք է «քողարկվեն»։ «Թթվասերիկ», «կաթնաշոռիկ» և նման այլ անվանումները կարգելվեն։ Կաթնամթերքն ամբողջությամբ պետք է «կաթնային» անվանում ունենա (կաթ, պանիր և այլն)։ Մնացածը կվերածվի «կաթ պարունակող մթերքների»։

Վերոնշյալը չի վերաբերում կաթի փոշուց պատրաստված մթերքներին։ Այդ դեպքում տուփի վրա բավական կլինի նշել` «չոր կաթ»։

Իսկ ի՞նչ է լինելու այն մթերքների հետ, որտեղ կաթնային յուղի կամ սպիտակուցների հետ մեկտեղ կօգտագործվեն նաև այլ յուղեր (օրինակ` բուսական)։ Այդտեղ պետք է ճշգրիտ նշվի` կաթ պարունակող մթերք կաթնային յուղի փոխարինիչով։ Այնուհետև պետք է նշել «… արտադրված է կաթնաշոռի տեխնոլոգիայով (կեֆիր, պանիր, թթվասեր և այլն)»։ Ցանկության դեպքում մթերք բառը կարելի է փոխարինել «կրեմ», «պաստա», «սոուս» և նման այլ բառերով։

Այս երկար շղթայում կաթնային «արձագանքը» կկորչի։ Խիստ ազնվություն ունեցող չինովնիկները կցրեն սննդի հետ կապված մեր բոլոր պատրանքները։

Կաթի փոշու և ոչ կաթնային մթերքների մակնշման մասին պահանջներ եղել են նաև հայկական կանոնակարգերում (մինչև եվրասիականին անցում կատարելը)։ Սակայն այդ պահանջի կատարման համակարգված մոնիտորինգ չի իրականացվել։

Հայաստանում, ինչպես և ամբողջ Եվրասիական միությունում, որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 16-ից (պաշտոնական հրապարակման օր) 180 օր հետո։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ծառայության մասնագետներն արդեն սկսել են տեղեկացնել արտադրողներին նոր կարգի մասին։

armeniasputnik.am