Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի և դերասանուհի Ռիփփին: Նրա հետ խոսել ենք «Դոմինո»-ի ավաարտի և առաջիկա անելիքների մասին:
«Այս թիմում գրեթե երկու տարի աշխատեցի: Սա շատ լավ, երիտասարդական, պայծառ ու ծիծաղելի սիթքոմ էր, որտեղ մեզ իսկապես շատ լավ ենք զգացել: Սիթքոմն արդեն ավարտվեց, ու այսօր վստահ կարող եմ ասել, որ մեր թիմում իսկական ընկերական հարաբերություններ հաստատվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Կոնկրետ ես հրաշալի ընկերներ ձեռք բերեցի: Հիմա հույս եմ, որ նման նոր նախագծերում մենք դեռ կհանդիպենք»,- նշեց Ռիփփին:
Դերասանուհին հավելեց նաև, որ բացի լավ ընկերներից, սիթքոմի շնորհիվ ձռեք է բերել մասնագիտական նոր հմտություններ:
««Դոմինո»-ն ինձ մեծ փորձ տվեց: Ես շատ եմ սիրում գտնվել աշխատանքային պրոցեսում` պատրաստվել, կերպարս վերլուծել, մտածել դրա շուրջ և այլն: Սիթքոմն ինձ աճ տվեց, հավատացնում եմ, որ ամեն սերիայից հետո վերլուծել եմ խաղս, փորձել հասկանալ առավելություններս ու թերություններս»,- նշեց նա:
Թեև Ռիփփին երկու տարի աշխատել է այս թիմում, սակայն վստահեցրեց, որ ոչ մի վայրկյան հոգնածություն ու հետաքրքրության պակաս չի ունեցել:
«Իհարկե, երկար ու անքուն աշխատանքը ինչ-որ տեղ նաև կարող է հոգնածության պատճառ դառնալ, ինչը շատ նորմալ է, սակայն թիմից և սիթքոմից երբեք չեմ հոգնել: Նույնիսկ ընդհակառակը, մեկ բաժակ սուրճից հետո հաճույքով վազել եմ նկարահանման հրապարակ»,- նկատեց նա:
Խոսելով սիթքոմում իր` Կառայի կերպարի մասին, դերասանուհին պատմեց, որ միայն դրական կարծիքներ է լսել, և ինչպես տարիներ առաջ «Կարգին սերիալում» Մոնիկայի կերպարի դեպքում եղավ, այս պարագայում ևս հանրությունը երբեք երգչուհի Ռիփփիին չի նույնացրել իր կերպարի հետ:
«Ուրախ եմ, որ կերպարս սիրվեց, մարդիկ կարծես ինձ սիրում են տեսնել որպես դերասանուհի, բայց ուրախ եմ նաև, որ երգչուհի Ռիփփիին չեն շփոթում իմ կերպարների հետ: Դրական ու օգտակար կարծիքներ շատ եմ լսել, որոնցից փորձել եմ միշտ սովորել»,- ավելացրեց նա:
Ի դեպ` Ռիփփիին շուտով կրկին կտեսնենք նոր նախագծերում:
««Դոմինո»-ի վերջին սեզոնին զուգահեռ նաև նկարահանվում էի 25 մասանի ֆիլմում, որը գարնանը կլինի «Արմենիա պրեմիումի» եթերում: Սա կատակերգություն չէ և ինձ շատ հետաքրքիր է նաև այս ժանրում նկարահանվել: Այժմ մի քանի այլ նախագծերում եմ նկարահանվում, բայց դրանց մասին խոսելու իրավունք դեռևս չունեմ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այս ոլորտում առաջարկների պակաս չունեմ»,- հավելեց նա:
Թեև որպես դերասանուհի ներկայանալու հրավերները շատ են և Ռիփփին էլ իրեն այս ասպարեզում հրաշալի է զգում, սակայն երգչուհու կարիերան ևս նա չի անտեսում: Ամանորին Ռիփփին տոնական տեսահոլովակ ներկայացրեց, նրա խոսքով` 2018-ին ակտիվ գործունեություն է սպասվում:
«Տարին դեռ չսկսված` արդեն իսկ շատ պայմանավորվածություններ ունեի, հետևաբար 2018-ը շատ ակտիվ է լինելու: Այս ամսվա վերջին ևս մեկ տեսահոլովակ կնկարահանեմ, որը ևս շատ չանցած կներկայացնեմ հանրությանը: Ասեմ, որ բավականին մեծ թիմ է աշխատում սպասվելիք տեսահոլովակիս վրա, բայց այս պարագայում ևս կնախընտրեմ խոսել պրեմիերայից հետո»,- ավարտեց երգչուհին: