Այս գիշեր Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի»երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:
Ցանկալի արձանիկի հավակնորդների թվում եղել են նաև հայեր, որոնք, սակայն, մրցանակի չեն արժանացել:
Մասնավորապես՝ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված էր Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությամբ: Այս անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»)։
«Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված էին Դմիտրի Խվորոստովսկին ու Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift): Այս անվանակարգում հաղթել է Բարբարա Հանիգանը (Crazy Girl Crazy – Music By Gershwin, Berg & Berio):
Ի դեպ, 2003-ից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս: