Օրեր անց մեկնարկելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը. 20 մասնակիցներից մեկը ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկությամբ Հայաստնը կներկայացնի «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին։ Արդեն իսկ հրապարակվել են մասնակիցների եվրատեսիլյան երգերը։ Երգչուհի Թամար Կապրելյանը, ով 2015-ին «Genealogy» խմբի կազմում ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ»-ին, այս տարի «Դեպի Եվրատեսիլ»-ին ներկայացնում է «Poison Ari Ari» երգը։
Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչու է կրկին որոշել մասնակցել նախագծին և ինչ դասեր է քաղել «Եվրատեսիլ»-ից։
-Թամար, Դուք 2015-ին արդեն մասնակցել եք «Եվրատեսիլ»-ին, ինչու՞ որոշեցիք կրկին մասնակցել, ինչո՞վ է Ձեզ գրավում երգի այս մրցույթը։
-Այս տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում իմ նպատակը կայանում է Հայաստանում եղած տաղանդներին ի ցույց դնելը: Այս երկրում մենք ունենք չափազանց շատ տաղանդավոր երգահաններ և երգիչ-երգչուհիներ, և ես պատիվ ունեցել եմ աշխատելու նրանց հետ: Երկու տարի առաջ ես Երևանում մեկնարկեցի երաժշտական կրթական ծրագիր, որի անվանումը «Նվակ» է:Այստեղ մենք գտնում, զարգացնում և սովորեցնում ենք երգիչ-երգչուհիների, երգահանների և գործիքավորողների: Ես ցանկանում եմ երիտասարդ հայերին, որոնք գրել են «Poison Ari Ari»-ին հնարավորություն տալ անելու այն, ինչ սիրում են որպես գործ։ «Դեպի Եվրատեսիլ»-ը շատ մեծ հարթակ է նոր եկող տաղանդներին ի ցույց դնելու համար, իսկ «Եվրատեսիլը» հասցնում է այս հարթակը ամբողջովին նոր մակարդակի, քանի որ այն միջազգային է:
-Ի՞նչ տվեց Ձեզ նախորդ մասնակցությունը, ո՞րն է այն գլխավոր փորձը, որը ձեռք բերեցիք մրցույթից։
– Ես կարծում եմ, որ հասկացա, թե որն է աշխատում և որը՝ ոչ: Ինչը անել և ինչը չանել: Կարևոր է ունենալ այդ պատկերացումը:
-Կպատմե՞ք այս տարվա Ձեր երգից, ինչպե՞ս ընտրվեց, ովքե՞ր են հեղինակները։
– «Poison Ari Ari»-ն երգ է թունավոր սիրո մասին: Սեր, որը լավ չէ քեզ համար, բայց դու քեզ լավ ես զգում, քանի դեռ այդ սիրո մեջ ես: Երգը համագործակցություն է՝ իմ, Դեր հովայի, Սեբու Սիմոնյանի, Նվակի երգահանների միջև՝ (Սանահին Փափազյան 14 տարեկան, Յանա Կարապետյան 20 տարեկան և Օվսաննա Խուբլարյան 23 տարեկան): Ես մեծ համոզմունքով հավատում եմ, որ մենք գրել և գործիքավորել ենք երգ, որը կատարյալ է Եվրատեսիլի ֆորմատի համար: Այն ռիթմիկ է, ժամանակակից և Էթնիկ, բայց որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը:
–Այն, որ արդեն մասնակցել եք «Եվրատեսիլ»-ին, ըստ Ձեզ, դա առավելությու՞ն է մյուսների նկատմամբ։
-Ես այդքան էլ չէի ասի, որ դա առավելություն է, քանի որ «Դեպի Եվրատեսիլ» -ի 19 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է գնալ և հաջողել, բայց իրապես հավատում եմ, որ քանի սա երգի մրցույթ է, ընտրական պրոցեսում համար մեկ առաջնահերթությունը պետք է լինի երգը՝ հատկապես, երբ Եվրատեսիլը ունի նմանատիպ սպեցիֆիկ ձևաչափ:
-«Դեպի Եվրատեսիլ» նախագծին օնլայն քվեարկության արդյունքներով, ըստ WiwiBloggs-ի, ձեր երգն առաջատար է։ Ըստ Ձեզ, ինչու՞ հենց Դուք պետք է Հայաստանը ներկայացնեք այս մրցույթում։
-Այս ամբողջ գործընթացը միայն ինձ համար չէ:Այն իմ թիմին առաջ տանելու համար է:
Ես ուզում եմ իմ երիտասարդ երգահաններին հնարավորություն տալ, որ անուն հանեն իրենց համար: Եթե մենք հաղթենք «Դեպի Եվրատեսիլ»-ը, ուզում եմ, որ Սանահինը, Յանան և Օվսաննան ինձ հետ Պորտուգալիա գան: Ես ուզում եմ հայ երգահանները իրենց տեղը ունենան աշխարհում, մեր երկիրը հայտնի լինի այն երաժշտությամբ և արվեստով, որը ստեղծում ենք:
Ամբողջությամբ՝ wnews.am