Հունվարի 25-ին լրացավ Վլադիմիր Վիսոցկու 80-ամյակը:
«Сегодня вечером» հաղորդման տաղավարում հավաքվել էին նրա ընկերները, ազգականները, գործընկերները:
Հաղորդման կիզակետում «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» լեգենդար ֆիլմն էր: Ի զարմանս շատերի, Արմեն Ջիգարխանյանը կտրուկ արտահայտվեց գործընկերոջ մասին: «Վիսոցկին շատ աշխատասեր էր, նրան սիրում էին: Նա ժողովրդի սեփականությունն էր՝ նույն տեսակն էր. մայր հայհոյելով, թքելով, ծխելով, խմելով: Նա դերասան չէր, նա երևույթ էր, սկանդալային երևույթ: Ասենք, ինչպես Մերիլին Մոնրոն: Ինչ է, նա լա՞վ դերասանուհի է… դա մտածելակերպ է, փիլիսոփայություն: Վոլոդյան ուներ երգելու, պնդելու, փաթաթելու իր մեթոդը: Ես արտահայտում եմ այն ինչ զգացել եմ: Եվ որպես հանդիսատես, դա ինձ այդքան էլ դուր չէր գալիս: Իմ կարծիքով Պուշկինն ավելի լավն է, քան Վիսոցկին»,- հաղորդման ժամանակ ասաց Արմեն Ջիգարխանյանը: Կարող եք դիտել 59:24 րոպեից:
Ներկա գտնվողները չկարողացան թաքցնել իրենց զարմանքը, իսկ Մաքսիմ Գալկինը հայտարարեց, որ եթե Ջիգարխանյանի խոսքը լսած լիներ, թույլ չէր տա, որ այն եթերով հնչեր:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1980 թ. ամռանը, պաշտոնական վարկածով՝ ինֆարկտից, սակայն նրա կինը՝ Մարինա Վլադին համոզված է, որ Վիսոցկին մահացել է թմրադեղերից: