Վարկանիշային աղյուսակի «ամենաչքավոր» մասնակիցը Դայանա Ռոսն է, որն «ընդամենը» 250 միլիոն դոլար ունի։
Հայտնի երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Շերը (Շերիլին Սարգսյան) 12-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների ցանկում, որը կազմել է «Վեստի Էկոնոմիկա» պարբերականը։ Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է այսօր։
Շերի ունեցվածքը 350 միլիոն դոլար է գնահատվել։
«Նա այն արտիստներից է, որ միաժամանակ ստացել է «Գրեմմի», «Էմմի», ու երեք «Ոսկե գլոբուս» կինոյի երաժշտության ու հեռուստատեսության ոլորտներում իրականացրած աշխատանքի համար, նաև պատմության մեջ միակ կատարողն է, որի երգերը 50 տարի շարունակ ԱՄՆ հիթ-շքերթներում առաջին տեղն են զբաղեցրել», — պարբերականը դերասանուհու մասին տեղեկությունն արտատպել է Վիքիպեդիայից։
Վարկանիշային աղյուսակում 15 երաժշտի անուն կա, որոնցից «ամենաաղքատը» Դայանա Ռոսն է` իր 250 միլիոն դոլար կարողությամբ։
Լավագույնների եռյակի վերջին հորիզոնականում U2-ի լեգենդար Բոնոն է, որի ֆինանսական հնարավորությունները գնահատվել են 600 միլիոն դոլար։ Նրանից հեռու չի գնացել Գլորիա Էստեֆանը, որը 100 միլիոն ձայնագրություն է վաճառել, ունի հինգ «Գրեմմի» և 600-400 միլիոն դալար։ Ցուցակը գլխավորել է Փոլ ՄակՔարթնին, որի կարողությունը հասնում է 1,1 միլիարդ դոլարի։