Առնվազն 11 մարդ է տուժել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի կառամատույցում կախովի առաստաղի մի մասի փլվելու հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «շտապօգնության» բժիշկը: Նրա խոսքով՝ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ներկայում «Վարկեթելի» կայարանը փակված է: Այն չի աշխատելու օրվա ընթացքում: Իրադրությանը ծանոթանալու համար պատահարի վայր է ժամանել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
Վերջին անգամ մետրոյի «Վարկեթելի» կայարանում նորոգում է իրականացվել 2017 թվականին:
2018 թվականին պլանավորված է Թբիլիսիի մետրոպոլիտենի տասը կայարանների նորոգումը:
Թբիլիսիի մետրոն օրական սպասարկում է շուրջ 290 հազար ուղեւորների: Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգում մետրոն ուղեւորահոսքի ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը՝ միկրոավտոբուսներից եւ ավտոբուսներից հետո:
Ներկայում Թբիլիսիի մետրոպոլիտենն ունի 23 կայարան: Մետրոյի ուղեգծերի ընդհանուր երկարությունը 57 կիլոմետր է: