«Սերժ Սարգսյանի մակարդակով՝ պետականորեն ընդունվեց՝ որդիս՝ Մհեր Երզնկյանը, Ճամբարակում զոհվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման գորրծողության հետևանքով՝ հակառակորդի գնդակից, և ոչ թե ինքնավնասվել է, ինչպես հայտարարում էին»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2016 թ-ի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը գլխի շրջանում հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հունվարի 28-ին Մհեր Երզնկյանին հետմահու Մարտական ծառայության մեդալի շնորհմանը։
«Եթե համեմատենք որդուս արարքը և այս պարգևը, ապա նրան ավելին էր հասնում, առնվազն՝ Մարտական խաչ։ Ինքը զոհվել է զորամասի տարածքում, ոչ թե դիրքերում, դիվերսիոն խումբը մինչև զորամաս հասել է, ինքը միայնակ փրկել է իր զինակից ընկերներին, զորամասի պատիվը»,- շեշտեց նա։
Արամայիս Երզնկյանը հիշեցրեց, որ սկզբնական շրջանում առաջ են քաշել այն վարկածը, որ Մհերը ինքնավնասվել է, բայց դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո վարկածը հերքվել է, պարզվել է, որ գլխի շրջանում երեք հրազենային վնասվածք ունի, ինչը նշանակում է՝ ինքը 3 անգամ իր գլխի շրջանում չէր կարող կրակել։
Մհերի մայրը՝ Արմինե Երզնկյանն էլ հորդորեց բոլոր այն ծնողներին, ովքեր, ցավոք, զավակ են կորցրել և իրենց հրամցվել է, որ զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանք է, եթե մի փոքր կասկածում են՝ պայքարեն հանուն որդիների հոգու հանգստության համար և հաջողության կհասնեն։