Goal-ը Մխիթարյանին ընդգրկել է հունվարի լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Goal-ը Մխիթարյանին ընդգրկել է հունվարի լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում

Բրիտանական հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը կազմել է հունվարյան լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկել է նաև «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանին:

Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ, իսկ երեկ` հունվարի 30-ին, նորամուտը նշեց «զինագործների» կազմում:

«Goal.com»-ի կազմած հավաքականն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի.

Դարպասապահ. Ժուլիո Սեզար

Բրազիլիայի հավաքականի բազմափորձ դարպասապահը լքեց «Բենֆիկան» և տեղափոխվեց իր պատանեկան «Ֆլամենգո» ակումբը, որտեղ սակայն ընդամենը 3 ամիս կանցկացնի` նախքան կարիերան ավարտելը:

Պաշտպաններ. Վիրջիլ վայ Դեյկ

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը, «Սաութհեմթոնից» ռեկորդային 75 մլն ֆունտի դիմաց տեղափոխվելով «Լիվերպուլ», դարձել է աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը և փայլուն մեկնարկ է գրանցել մերսիսայդցիների ակումբում` «Էվերթոնի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ:

Խավիեր Մասկերանո. 7,5 տարի «Բարսելոնայում» անցկացնելուց հետո արգենտինացին միացել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբին` էմոցիոնալ հրաժեշտ տալով «Կամպ Նոուին»:

Յերի Մինա. «Բարսելոնան» շատ արագ փոխարինող գտավ Մասկերանոյին` ի դեմս Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Յերի Մինայի, որը 11,8 մլն եվրոյի դիմաց «Պալմեյրասից» տեղափոխվեց կատալոնական ակումբ:

Կիսապաշտպաններ. Թեո Ուոլքոթ

Չկարողանալով համապատասխանել «Արսենալի» պահանջներին` Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 20 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Էվերթոն» և կարիերան կշարունակի մերսիսայդյան ակումբում:

Ռոս Բարկլի

Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն «Էվերթոնից» տեղափոխվեց «Չելսի» 15 մլն ֆունտի դիմաց:

Ռաֆինյա

Ֆիլիպե Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխությունից հետո, Ռաֆինյան վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ինտեր», որն արդեն ամռանը իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 35 մլն ֆունտի դիմաց:

Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդում» Մոուրինյուի օրոք որոշ խնդիրներ ունենալուց հետո Մխիթարյանը Պրեմիեր-լիգայում իր հետքը թողնելու երկրորդ շանս ստացավ` տեղափոխվելով «Արսենալ»:

Հարձակվողներ. Ալեքսիս Սանչես

Սա, թերևս, Պրեմիեր-լիգայի պատմության ամենախոշոր գործարքն է, որը «Մանչեսթեր Յունայթեդն» իրականացրեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց առանց որևէ գումար վճարելու:

Ֆիլիպե Կոուտինյո

«Բարսելոնայի» երկար սպասված և ռեկորդային` 135 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստը, որն արդեն հասցրել է մասնակցել նաև կատալոնական թիմի երկու հաղթանակի:

Դանիել Սթարիջ

«Լիվերպուլում» բավարար խաղաժամանակ չստանալով` Սթարիջը վարձակալության հիմունքներով համալրեց «Վեսթ Բրոմվիչի» շարքերը` ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու և ամռանը Անգլիայի հավաքականի կազմում իր տեղը ստանալու համար:

Հունվարյան լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականն ըստ «Goal.com»-ի:

armsport.am