Մխիթարյանի առաջին ելույթից դժգոհ են բրիտանական լրատվամիջոցները
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի առաջին ելույթից դժգոհ են բրիտանական լրատվամիջոցները

Լրատվամիջոցներում եղած գնահատականները տատանվում են «չկարողացավ խաղը շտկել»-ից մինչև «սարսափելի դեբյուտ»։

Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեբյուտը «զինագործների» կազմում անհաջող են որակել Բրիտանիայի գրեթե բոլոր լրատվամիջոցները, որոնք հետևում են մարզաշխարհի նորություններին։

Լրատվամիջոցներում եղած գնահատականները տատանվում են սկսած «չկարողացավ խաղը շտկել»-ից (Sport360) մինչև «սարսափելի դեբյուտ» (Mirror)։

Մխիթարյանի անհաջողությունն ուրախացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք սկսել են տարբեր ձևով փոխել նրա արտահայտությունն այն մասին, որ «Արսենալում» նա ցանկանում է «հարձակողական» ֆուտբոլ խաղալ։

Twitter-ում հնչած չար մեկնաբանությունների ընդհանուր իմաստն այն է, որ ըստ Մխիթարյանի` «հարձակողական ֆուտբոլ խաղալը» նշանակում է 3:1 հաշվով պարտվել։

«Հա-հա-հա։ Մխիթարյանն ասում էր, որ երազում է «Արսենալի» կազմում հանդես գալ ու հարձակողական ֆուտբոլ խաղալ… Ծիծաղելի է հնչում, նրա դեբյուտային խաղի ժամանակ պարտվել են «Սուոնսիին»։ Դու «Արսենալի» շապիկով երբեք չեմպիոնների Լիգայում չես խաղա»,- գրել է Dharky Dhon օգտատերը Twitter-ում։

«Ավելի վաղ այս խաղաշրջանում Մխիթարյանը հաղթել է «Սուոնսիին» 4-0 հաշվով, իսկ հիմա «Արսենալի» հետ ամենաշատը կարող է հարձակողական ֆուտբոլ խաղալ»,- գրել է մեկ այլ օգտատեր Շոն Կերնսը։

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 30-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» մարզադաշտում հյուրընկալվեց «Սուոնսիին»: «Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը:

Առաջին գոլից մեկ րոպե էլ չէր անցել, երբ տանտերերը հավասարեցրին հաշվը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը:

Երկրորդ խաղակեսում, սակայն, «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:

61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 59-րդ րոպեին:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով։

Այս խաղից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ:

«Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին և կխաղա «Էվերթոնի» հետ:

armeniasputnik.am