Երգիչներ Գրիգոր Կյոկչյանն ու Սպիտակցի Հայկոն երեկ տեսահոլովակ են ներկայացրել «Մամ ջան» երգի հիման վրա։ Երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արթուր Մանուկյանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգորը մանրամասներ է պատմել նոր աշխատանքի մասին։
Տեսահոլովակում նկարահանված տղաներն ընտրվել են քասթինգի միջոցով։ Ինչպես հայտնեց Գրիգորը, ռեժիսոր Արթուր Մանուկյանն ընտրել է տղաների, որոնք ծառայել են Հայոց բանակում։
«Մամ ջան» կոչվող երգը Գրիգորը գրել է դեռևս 2016 թվականին։ Առաջին անգամ այն զուգերգով ներկայացրել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ` իր հեղինակային երեկոյի ժամանակ։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչպես Սոնայի հետ զուգերգը դարձավ զուգերգ Հայկոյի հետ։
«Երբ տղամարդիկ են երգում, այլ տեսակ է հնչում։ Սոնան էլ էր շատ ազդեցիկ երգում, բայց իմ պատկերացմամբ` Հայկը շատ անկեղծ կերգեր։ Այդ պատճառով որոշեցի տեսահոլովակը միասին թողարկենք։ Առաջարկեցի նրան, լսեց երգը, հուզվեց ու համաձայնեց»,- ասաց Գրիգորը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե Սոնան ինչպես է արձագանքել այս որոշմանը, Գրիգորը պատասխանեց, որ այսօր երգչուհին գրել է իրեն, շնորհավորել ու ասել, որ ինքն էլ է շատ սիրում այս երգը։
Շոու բիզնեսում շատերը փորձում են զուգերգ կատարել ռաբիս կատարողների հետ, որպեսզի ավելի մեծ լսարանի ուշադրություն գրավեն։ Գրիգորն ասում է, որ ինքը նման նպատակ չի ունեցել։
«Երբ այս երգը ցույց տվեցինք Հայկին, դեռ չկար իրենց ռեկորդային երգը (նկատի ունի` Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը, հեղ.)։ Կարծում եմ` ակնհայտ է, որ իմ դեպքում այդ նպատակը չէ, որովհետև երգը ռաբիս չէ։ Որպեսզի այդ նպատակին հասնեինք, ռաբիս երգ կկատարեինք։ Առհասարակ, ես չեմ ուզում շատ խոսել երգի մասին, որովհետև այն շատ անկեղծ է ու թանկ։ Այն արել եմ ոչ թե որևէ նպատակի, այլ իմ հաճույքի համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ իրականացնել այն։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ ընկերոջը` Մարտին Միրզոյանին, ով սիրելով երգը, գործիքավորել է այն»,- ասաց Գրիգորը։
Երգի թատրոնի երգիչների առաջին քննադատը Արթուր Գրիգորյանն է։ Գրիգորը ևս միշտ կարևորում է ուսուցչի խոսքը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք է հայտնել զուգերգի մասին Գրիգորիչը։ «Տեսահոլովակը երեկ է թողարկվել, իսկ ես Երևանում չեմ։ Շատ էի ուզում ինքս առաջինը ցույց տալ նրան պատրաստի աշխատանքը, սակայն չստացվեց։ Արթուր Գրիգորիչը լավ է վերաբերում այս երգին, սիրում է այն, առաջին կատարման ժամանակ հենց ինքն էր նվագակցում։ Կարծում եմ` լավ կորակի մեր աշխատանքը»,- նշեց Գրիգորը։
Երգի մասին առաջին արձագանքներն այն մասին են, որ այն շատ հուզիչ էր։ Գրիգորի համար սա ամենակարևորն է. «Ինձ համար կարևորն այն է, որ իմ արած գործն անկեղծ է ու, կարծում եմ, հուզիչ։ Այս մասին արդեն շատ են գրում։ Այլ նպատակ չկար»։ Գրիգորին ոգևորել են դրական կարծիքներն այս աշխատանքի մասին. «Մինչև պրեմիերան հանգիստ էի, քանի որ շատ եմ սիրում այս երգն ու ազնիվ եմ երգել այն, Հայկը` նույնպես։ Սակայն չէի սպասում, որ այսքան լավ արձագանքներ կլինեն, այսքան մարդ կզգա այն, ինչ ես էի զգում»։