Գեղարքունիքի մարզի սակավաձյուն եղանակը կարող է վտանգել աշնանացան արտերի հետագա կենսունակությանը, քանի որ փետրվարի 1-ի դրությամբ դեռեւս դաշտերում, աշնանացան արտերում ձնածածկույթը գրեթե բացակայում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, անցած դեկտեմբեր-հունվար ամիսներին աշնանացան ցորենի արտերը, որոնք կազմում են շուրջ 11 հազար հեկտար, անցկացրել են գրեթե առանց ձնածածկույթի: Ճիշտ է, դեռեւս չենք ունեցել նախորդ տարվա նման խստաշունչ սառնամանիքներ, ինչը հուսադրում է, որ ցանքերը կարող են եւ անվնաս ձմեռած լինել, բայց առատ ձյան տեղումների ուշացումը մեզ շարունակում է անհանգստացնել, քանի որ ձմեռը շարունակում է մնալ իր լիակատար իրավունքների մեջ: Բացի այդ, սարերում աննշան է ձյան շերտը, որը բավարար չէ ջրային բավարար պաշարների կուտակման համար: Թերեւս, վերջնական պատկերը կարող է պարզ լինել միայն գարնանը»,-ներկայացրեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան