Դեռ 1980-ականներից Սթիվ Ջոբսի ու Բիլ Գեյթսի միջև թշնամական հարաբերություններ ձևավորվեցին։ Տարիներ անց մրցակցություն է առաջացել նրանց դուստրերի՝ 19-ամյա Էվա Ջոբսի և 21-ամյա Ջենիֆեր Գեյթսի միջև։ Ճիշտ է, ոչ տեխնոլոգիաների ոլորտում։
Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի ավագ դուստրը ծնվել է 1996 թվականի ապրիլին։ Նա ունի կրտսեր եղբայր և քույր։ Բիլ Գեյթսը լինելով Microsoft-ի հիմնադիր՝ փորձել է իր երեխաներին հեռու պահել տեխնոլոգիաներից՝ սահմանափակելով էկրանի առջև իրենց ժամանցը։ Ջենիֆերը սեփական բջջային հեռախոսն ունեցավ միայն 14 տարեկանում։
Ինչպես իր քույրն ու եղբայրը, Ջենիֆերը սովորել է Սիեթլի մասնավոր «Լեյքսայդ» դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Սթենֆորդի համալսարան։
Նա կենսաբանություն է ուսումնասիրում ու արդեն ընտրել է թեման, որի շուրջ պատրաստվում է կենտրոնանալ։ «Ինձ շատ է հետաքրքրում երեխաների առողջությունը՝ հատկապես Միացյալ նահանգներում»,- պատմել է Ջենիֆերը։
Ջենիֆերը վեց տարեկանից զբաղվում է ձիարշավով։ Նրա ձիու անունն Ալեքս է։
Իր դստեր հոբբին խրախուսելու նպատակով Բիլ Գեյթսը ձիարշավով պարապմունքների համար Վաշինգթոնում 37 մլն դոլար արժողությամբ տարածք է գնել, որին մոտ է գտնվում Ջոբսի այրու՝ Լորինի տարածքը։
Ձիարշավի մրցումներում Ջենիֆերը մրցում է Ջոբսի դստեր՝ Էվայի հետ։ Իհարկե, նա Գեյթսի դստեր միակ մրցակիցը չէ. նրա մրցակիցների թվում են Սթիվեն Սփիլբերգի, Մայքլ Բլումբերգի դուստրերը։
Ջենիֆերը նշում է, որ դժվար է բավարար ժամանակ հատկացնել ձիարշավին, սակայն իրեն դա շատ է դուր գալիս։
Երբեմն Ջենիֆերին հաջողվում է ժամանակ հատկացնել ճանապարհորդությանը։ Վերջերս նա ուղևորվել է Քուվեյթ, Բարսելոնա, Ավստրալիա։
Ջենիֆերն ընկեր ունի. նա պրոֆեսիոնալ ձիարշավորդ Նեիլ Նասարն է։ «Իրականում ոչ ոք չգիտի, թե երբ է լրացել մեր հանդիպման ուղիղ մեկ տարին։ Ես ամեն օր երջանիկ եմ լինել քեզ հետ»,-ինստագրամյան իր էջում գրել է Ջենիֆերը։
Բիլ Գեյթսը գտնում է, որ իր երեխաներն ինքնուրույն պետք է հասնեն ամեն ինչի։
Ջենիֆերը մտադիր է ուսումը շարունակել բժշկական քոլեջում, սակայն, հնարավոր է, դա հետաձգվի մի քանի տարով, քանի որ այժմ մտադիր է որոշ ժամանակ հատկացնել սպորտին՝ իմանալու, թե ինչ դրանից դուրս կգա։