Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Լիանայի հետ, ով խոսել է իր ներկայիս գործունեության, առաջիկայում նոր տեսահոլովակ ներկայացնելու և ընտանիքի համալրման մասին:
«Այս պահին ինձ մոտ ավելի հանգիստ շրջան է, կարելի է ասել հանգստանում եմ Ամանորից հետո, քանի որ այդ օրերին զբաղվածությունս շատ էր: Իհարկե, կան երգեր, որոնք պետք է ձայնագրվեն, որից հետո արդեն որոշում կկայացնեմ, թե դրանից որ մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանեմ»,- պատմեց երգչուհին՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, իր նախընտրությունը կտա ավելի ռիթմիկ երգին:
«Անկեղծ ասած՝ բոլոր հեղինակները, չգիտես ինչու, ինձ պատկերացնում են ավելի մեղեդային, «սրտաճմլիկ» երգեր կատարելիս, սակայն ես կարծում եմ, որ ինձ այս պահին որևէ աշխույժ աշխատանք է պետք: Միևնույն ժամանակ, ինձ մոտ կարծես թե խուճապ է, քանի որ գրեթե բոլոր թեմաներով երգեր կատարել եմ: Բացի այդ, պետք է տեսահոլովակ նկարահանելու համար անհրաժեշտ գումար ունենամ, քանի որ չունեմ հովանավոր, բոլոր ծախսերը ես եմ հոգում: Չեմ ցանկանում նկարահանել տեսահոլովակ պարզապես նկարահանելու համար»,- հավելեց Լիանան:
Անդրադառնալով իր վերջին աշխատանքին՝ «Շնորհավոր լինի» երգին և տեսահոլովակին, որը հարսանեկան թեմայով էր, երգչուհին նշեց, որ դրա շուրջ առաջացած դրական քննարկումներից ինքը բավարարված է: Իսկ հարցին՝ արդյոք նրան գոհացրե՞լ է նաև տվյալ երգի կոմերցիոն կողմը, Լիանան պատասխանեց.
«Դեռ չեմ կարող ասել, որ գումարային տեսանկյունից այն իրեն արդարացրել է: Բայց ինձ համար առավել կարևոր է այն փաստը, որ հաճախ ինձ զանգահարել և ասել են, որ շատ հարսիկներ իրենց հարսի պարի համար նախընտրությունը տվել են հենց իմ երգին»,- ասաց Լիանան:
Թեև երգչուհին նշեց, որ այս պահին հանգստի մեջ է, բայց դրա հետ մեկտեղ նա շարունակում է երգել երևանյան ակումբներից մեկում:
«Այս կամ այն ակումբում երգելու խնդիր, ի ուրախություն ինձ, չեմ ունենում: Ինձ իմ ժողովուրդը սիրում է, ինչից ելնելով էլ բազմաթիվ առաջարկներ եմ ստանում տարբեր վայրերից: Ճիշտ է` միշտ չէ, որ այս կամ այն վայրում հանդես եկող երգիչները ուրախանում են այն փաստից, որ իրենց հետ միասին հանդես եմ գալու նաև ես, բայց ինքս բոլորի հանդեպ շատ ջերմ եմ տրամադրվում»,- անկեղծացավ Լիանան՝ ավելացնելով.
«Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված նշածս փաստը, գուցե դա նրանից է, որ ինքս անկեղծ մարդ եմ և բոլորին ասում եմ այն, ինչ մտածում եմ: Եթե ես շուրջս կատարվող ինչ-որ անարդար բան եմ նկատում, անպայման բարձրաձայնում եմ դրա մասին, ինչն էլ հետո խնդիր է դառնում: Գուցե հենց սա է պատճառը, որ երգարվեստում բոլորը չէ, որ ինձ սիրում են: Բայց նշեմ նաև, որ ես միշտ խաղաղության կողմնակից եմ, ինձ հաճելի չէ լարված իրավիճակում գտնվել: Այդ իսկ պատճառով փորձում եմ միշտ ժպտալ, ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելուց հնարավորինս մեղմ լինել»:
Զրույցի ընթացքում երգչուհին խոսեց նաև մինչ այսօր առողջ ապրելակերպ վարելու և մարզասրահ այցելելու մասին, ինչի արդյունքում նա ամիսներ առաջ նիհարել էր ավելի քան 20կգ.
«Անկեղծ ասած՝ նիհարելուս հետ կապված տարբեր առեղծվածներ եմ լսել, մինչև անգամ՝ դեղահաբեր օգտագործելը: Բայց պետք է կրկնվեմ և ասեմ, որ ես միայն զբաղվել եմ սպորտով, հաճախել եմ լողի և, ամենակարևորը, ճիշտ եմ սնվել: Ավելորդ քաշիցս ազատվելու ընթացքում (4 ամիս) ես սովորեցի կառավարել ինձ և իմ ցանկությունները՝ կապված սննդի հետ»,- նկատեց Լիանան:
Վերջում Լիանան անդրադարձավ նաև իր անձնական կյանքին և պատասխանելով հարցին, թե արդյոք մոտ ապագայում իր ընտանիքում համալրում չի սպասվում, նկատեց.
«Գիտեք, ինձ մոտ առողջական որոշակի խնդիրներ կան: Բացի այդ, երեխայի լույս աշխարհ գալուց հետո ստեղծագործական երկարատև դադար է լինում, որն այս պահին ինձ այդքան էլ պետք չէ: Ես սիրում եմ, որ ամեն ինչում լավը լինեմ, այդ իսկ պատճառով կամ պետք է լավ երգչուհի լինեմ կամ լավ մայր: Ներկայումս ուշադրությունս միայն որդուս վրա է, ինչպես նաև այն աշխատանքների, որոնք պատրաստվում եմ ապագայում անել: Գերադասում եմ անել այնպիսի աշխատանք, որը մնայուն կլինի, որը շատ տարիներ անց մարդիկ կրկին հաճույքով կլսեն, այլ ոչ թե կնյարդայնանան, ինչպես որ շատ երգերի դեպքում է լինում»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Լիանան: