«SOS. Փրկեք մեր հոգիները» սարսափի և ֆանտաստիկայի ժանրերով հարուստ ֆիլմաշարն արդեն մի քանի օր է, ինչ «Արմենիա Պրեմիումի» եթերում է: Այստեղ նկարահանվում է դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Դերասանուհին պատմեց, որ հեռուստասերիալի պրոդյուսերից նկարահանվելու առաջարկ ստանալուց հետո երկար չի մտածել:
«Երբ Արա Բաղդասարյանից առաջարկ ստացա, այդ ընթացքում բազմաթիվ այլ հրավերներ ունեի, սակայն դրանցից մի քանիսն արդեն հասցրել էի մերժել: Իսկ Արային վաղուց էի ճանաչում, վստահում էի նրա պրոֆեսիոնալիզմին, հետո խոսելով նաև սցենարի և կերպարիս մասին, որոշեցի համաձայնել: Հիմա, երբ աշխատանքը եթերում է, կրկին համոզվում եմ, որ չեմ սխալվել»,- նշեց Աննան:
Դերասանուհին պատմեց, որ բարդ նկարահանումներ են ունեցել, քանի որ դրանք արվել են ցուրտ եղանակին և անտառում:
«Այս նկարահանումները դեռ երկար կհիշեմ, քանի որ դրանք բավականին հետաքրքիր և դժվար պայմաններում իրականացան: Վստահ կարող եմ ասել, որ դրանք իմ կյանքի ամենաանսպասելի, ամենածանր նկարահանումներն էին, բայց քանի որ մենք պատկերացնում էինք, թե ինչպիսինն է լինելու ավարտուն տարբերակը, ուստի փորձում էինք ցրիտց շատ չնեղվել և անգամ ողջ գիշեր նկարահանվել մութ անտառում: Մեր տրամադրությունը մշտապես բարձր էր նաև ստեղծագործական թիմի շնորհիվ, նրանք իսկապես ամեն ինչ անում էին, որպեսզի բոլորս ջերմ հարաբերություններ ունենանք»,- պատմեց Աննան:
«SOS. Փրկեք մեր հոգիները» ֆիլմաշարն իր ժանրով նորություն է հայկական ֆիլմարտադրության մեջ, սակայն Աննայի խոսքով, իրեն դեռևս միայն դրական կարծիքներ են հասել:
«Կարծես թե մարդիկ հետաքրքրությամբ են հետևում, երևի թե նոր ժանրը իրեն արդարացրել է: Պետք է խոստովանեմ, որ ինքս էլ սկզբում չէի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու այս ֆիլմաշարը, սակայն արդեն մոնտաժային փուլում իմ սպասելիքները արդարացվեցին: Իսկզբանե թե ռեժիսորը, թե պրոդյուսերը վստահ էին, որ այս նախագիծը պետք է հաջողի, և, կարծես թե, նրանք չէին սխալվում»,- նկատեց նա:
Խոսելով իր հերոսուհու մասին` Աննան նշեց, որ իր կերպարը սկզբում դրական երանգներ է ունեցել, սակայն հետո, սյուժեի համաձայն, բացասական է դարձել:
«Իմ հերոսուհին սովորական ուղևորուհի է, ով այդ չարաբաստիկ ավտոբուսով գնում է Վորոնեժ` հոր մոտ: Սկզբում նա շատ դրական կերպար է, սակայն հանգամանքների բերումով, սարսափի, վախի մեջ ապրելով` անկախ իրենից սկսում է իր էգոն ամենաբարձրը գնահատել: Նրա մեջ չարությունը կուտակվում է, արդյունքում նա դառնում է անտարբեր ու մտածում է միայն իր կյանքի և փրկության մասին»,- պատմեց նա:
Աննա Մանուչարյանը այս շրջանում նկարահանվում է նաև «Ավազե դղյակը» 25 մասից բաղկացած հեռուստասերիալում, որի մասին դերասանուհին դեռևս չցանկացավ մանրամասնել: