ԳՄՕ-ն օգտակար է. հայ սննդաբան
Advertisement 1000 x 90

ԳՄՕ-ն օգտակար է. հայ սննդաբան

Գենոմոդիֆիկացված մթերքները ոչ միայն անվնաս են, այլև առանց դրանց մարդկությունը պարզապես չի կարողանա գոյատևել։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժշկուհի-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ այդ տեսակետին են նաև Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիրները։

Նա նշեց, որ աշխարհում որևէ հետազոտություն չկա, որը կապացուցի, որ ԳՄՕ պարունակող մթերքները վնասակար են մարդու օրգանիզմի ու շրջակա միջավայրի համար։ Իրականում գենոմոդիֆիկացված մթերքները մարդկությունը վաղուց է գործածում, դրանցից են նաև եգիպտացորենը, բազուկը, բրինձը ու կարտոֆիլը։

«Առանց ԳՄՕ-ի կուլտուրաները բավականաչափ բերք չեն տալիս ու երկար չեն պահպանվում։ Բացի դրանից, մեկ մարդուն ԳՄՕ չպարունակող կուլտուրաներով կերակրելու համար անհրաժեշտ է 20 հա ցանքատարածք, իսկ ԳՄՕ-ով կուլտուրաներ աճեցնելու համար՝ ընդամենը 13 հա»,- նշեց Հասմիկ Աբովյանը։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ իր հերթին նշեց, որ սպառողն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգտագործել ԳՄՕ մթերքներ, թե ոչ։

«Անցած շաբաթ խորհրդարանում կայացան լսումներ ԳՄՕ-ի մասին օրինագծի մշակման մասին։ Օրենսդիրները հանգեցին հետևյալ եզրակացության՝ քանի դեռ չկա ԳՄՕ վնասակարության մասին վերջնական եզրակացություն, գենոմոդիֆիկացված մթերքների ներմուծումը թույլատրվելու է։ Բայց ես ուզում եմ նշել Շվեդիայում ու ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը։ Շվեդիայում, որտեղ ԳՄՕ-ն արգելված է, ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը ընդամենը 7 տոկոս է, իսկ ԱՄՆ-ում՝ 70 տոկոս»,- նշեց ՀԿ ղեկավարը։

Նա սպառողներին խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել արտադրանքի մակնշումներին ու հնարավորության սահմանում նվազեցնել ԳՄՕ մթերքների գործածումը։

Նա հիշեցրեց, որ կա տեսակետ, թե ԳՄՕ-ն վնասակար է շրջակա միջավայրի համար ու այն տարածքներում, որտեղ ԳՄՕ կուլտուրաներ են աճեցրել, այլ կուլտուրաներ այլևս չեն աճում։

«Մենք բազմաթիվ ազատ ցանքատարածքներ ունենք ու դրանք կրճատելու անհրաժեշտություն չկա»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

med.news.am