Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղային օրը կեզրափակվի Լոնդոնում, որտեղ «Արսենալը» կընդունի «Էվերթոնին»: Այս մրցաշրջանի առաջին խաղում զինագործները հեշտությամբ հաղթանակ տարան (5:2): Կհաջողվի՞ այս անգամ հաղթել սեփական հարկի տակ:
«Արսենալ»
«Արսենալը» վերջին խաղում պարտվեց հետնապահներից «Սուոնսիին»: Լոնդոնցիները համարվում էին խաղի ֆավորիտը, սակայն ինչ-որ բան այնպես չստացվեց:
Հյուրերի դաշտում պարտվելն Արսեն Վենգերի թիմի համար այս տարի նորություն չէ: Հյուրերի հարկի տակ զինագործները հաղթել են միայն երեք անգամ:
Մրցաշարային աղյուսակում «Արսենալի» գործերն այնքան էլ լավ չեն. զինագործները միայն 6-րդն են և առաջատար քառյակին զիջում են 6 միավորով:
Խաղում առաջին րոպեներից դաշտ դուրս կգա թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով իր ընկերոջ՝ Պիեր Էմերիկ Օբամեյանգի հետ կարող է օգնել բարելավել թիմը: Ի դեպ, Օբամեյանգի նորամուտը կարող է հետաձգվել, քանի որ գաբոնցի հարձակվողը մրսածություն ունի:
Խաղին վստահաբար չի մասնակցի Սանտի Կասորլան, իսկ Ջեկ Ուլիշիրի և Դենի Ուելբեկի մասնակցությունը հարցականի տակ է:
«Էվերթոն»
«Էվերթոնը» պատասխանեց բոլոր նրանց, ովքեր նախորդ տուրում ֆավորիտ էին համարում «Լեսթերին»: Իր մասին հիշեցրեց «Էվերթոնի» նորեկ Թեո Ուոլքոթը, ով դուբլի հեղինակ դարձավ: Մրցակիցը պատասխանեց միայն Վարդիի իրացրած 11-մետրանոցով:
Մրցաշարային աղյուսակում «Էվերթոնը» 9-րդն է և 8 միավորով հեռու է վտանգավոր գոտուց:
Թիմի կազմում այս խաղը բաց կթողնեն Լեյթոն Բոյնսը, Ջեյմ Մաքարթնին, Մարտին Ստեկելեբուրգը և Ռամիրո Մորին:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Արսենալը» հաղթել է տնային 12 խաղից 9-ում
- «Էվերթոնն» այս մրցաշրջանում հյուրերի դաշտում հաղթել է մեկ անգամ
- «Արսենալի» մասնակցությամբ վերջին 7 խաղում գոլ են խփել երկու կողմերն էլ
- «Արսենալը» գոլ է խփել տնային վերջին 8 խաղերում
- «Արսենալի» և «Էվերթոնի» վերջին խաղերում գոլ են խփել երկու թիմերն էլ
- «Արսենալը» հաղթել է «Էվերթոնին» վերջին 6 խաղերից 5-ում
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան