Steptohealth.ru-ն գրում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ցուցանիշները մտահոգիչ են։ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ընկերակցության տվյալների համաձայն՝ 2016թ. արգանդի վզիկի քաղցկեղից շուրջ 4120 կին է մահացել։ Այս թվերը կարող են վախեցնող թվալ, բայց վերջին 30 տարիների ընթացքում քաղցկեղի այս տեսակից մահացության մակարդակը նվազել է 50 տոկոսով։ Փորձագետներն այս առումով ընդգծում են վաղ ախտորոշման հնարավորություն տվող թեստերի մշակման կարևորությունը, ինչպես նաև բնակչության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացումը գործոնների վերաբերյալ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը։
Այս առումով չափազանց կարևոր է իմանալ այն նշանները, որոնք վկայում են հիվանդության առկայության մասին։
Պապիլոմաներ։ Այս վարակի որոշ տեսակներ հանգեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման։ Սա նշանակում է, որ պապիլոմա նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը։
Արտասովոր արտադրություն։ Արտադրությունը կարող է տարբերվել արտաքին տեսքով ու հոտով։ Այն նաև փոխվում է՝ կախված դաշտանային ցիկլից և ձվազատման պահից։ Փոփոխություններ նկատելու դեպքում դիմեք մասնագետի օգնությանը, քանի որ դրանք հիմնականում վկայում են խնդիրների առկայության մասին։
Ցավ և արյունահոսություն դաշտանային ցիկլերի ընթացքում։ Եթե արգանդի վզիկի քաղցկեղն արագ է զարգանում, կարող են ցավեր նկատվել, ինչպես նաև արյունահոսություն։
Անեմիա։ Արգանդի վզիկի քաղցկեղի բարդություններից մեկը կարող է անեմիան լինել։ Այն ուղեկցվում է հոգնածությամբ և տախիկարդիայով, որոնք առաջ են գալիս, նույնիսկ, եթե լուրջ ջանքեր չեք գործադրել։
Միզարձակման խնդիրներ։ Մեծանալու դեպքում արգանդը սեղմում է հարևանությամբ գտնվող օրգանները, մասնավորապես՝ երիկամներն ու միզապարկը։ Այս դեպքում, բացի ցավից՝ միզարձակման հաճախակի ցանկություն է առաջանում։
Քաշի նվազում։ Եթե սկսել եք քաշ կորցնել, բայց չեք փոխել սննդակարգն ու կենսակերպը, փորձեք բացահայտել պատճառը։ Բոլորն են ցանկանում գեղեցիկ կազմվածք ունենալ, բայց քաշի նվազումը երբեք պատահական չի լինում։
Հիշեք, որ թվարկված նշաններից շատերը կարող են այլ խնդիրների հետևանք լինել, սակայն դրանք չի կարելի անուշադրության մատնել։ Երբ խոսքն առողջության մասին է, ժամանակը չափազանց կարևոր է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը