«Փոխնակ մայրը» հեռուստասերիալում նկարահանվող դերասան Արմեն Դալլաքյանի աշխատանքային գործունեության ու իր պատկերացումների ցանկալի կնոջ մասին Life.panorama.am-ը վերջերս է պատմել, իսկ օրեր առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ Արմենը նշել էր, որ վերջապես գտել է իր միակին ու շուտով կնշանադրվի:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը փորձեց մանրամասներ իմանալ դերասանից, սակայն, ցավոք, պարզվեց, որ Արմեն Դալլաքյանն ու սիրելին վիճել են ու հիմա միասին չեն:
Խոսելով բաժանության պատճառների մասին՝ Արմենը պատմեց.
«Մեր վեճի մեղավորությունը միայն իր վրա չեմ բարդում, գուցե ես էլ մեղավորություն ունեի, սակայն նա շատ խանդոտ էր, պատճառը՝ հիվանդագին խանդն էր»,- նշեց Արմենը, իսկ հարցին, թե ինքը իրեն խանդոտ չի՞ համարում, պատասխանեց.
«Իհարկե, ես էլ եմ խանդոտ: Հարաբերություններում խանդն իր տեղն ունի, բայց չափի մեջ, անտեղի խանդը հիվանդություն է»:
Արմեն Դալլաքյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարին սիրային հարաբերությունների իմաստով հաջող կլինի: Նա Իր կողքին տեսնում է հետեւյալ հատկանիշներով կնոջ.
«Ինձ համար շատ կարեւոր է, որ ապագա կինս շատ հայեցի լինի, ինձ համար օրինակելի կին ու երեխաներիս համար կատարյալ մայր լինի: Սրանք ամենակարեւոր հատկանիշներն են, որ կինս պետք է ունենա»,- հավելեց նա:
Հարցին, թե դերասանը նոր հարաբերությունների համար իրեն այս շրջանում փա՞կ է պահում, պատասխանեց.
«Ոչ, պատրաստվում եմ նոր ու ավելի լուրջ հարաբերությունների»:
Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Արմենը նշեց, որ պատրաստվում է տեսահոլովակով մուտք գործել երգարվեստ.
«Արդեն երեք տարի է, ինչ երգում եմ, սակայն հիմա ավելի եմ փորձում խորանալ: Արդեն ունեմ իմ անձնական երգը, որի հեղինակն է Անդրանիկ Շահինյանը: Երգը կոչվում է «Սիրել եմ», որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կլինի մոտ մեկ ամսից: Նշեմ, որ տեսահոլովակի ռեժիսորությամբ ինքս եմ զբաղվելու»: