Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ կողմից որպես ՀՀ նախագահ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն նպատակ էր հետապնդում մտքեր փոխանակել բրիտանահայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկն ընդունելուց առաջ կարևորել էր տարբեր շրջանակների, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալը:
Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը պատահական չէր, քանի որ երկար տարիներ հենց այս համայնքի անհատներն են տարբեր առիթներով շփվել և համագործակցել Արմեն Սարգսյան անհատի, գիտնականի և դեսպանի հետ` օժանդակելով նրա գործունեությանն ու միաժամանակ ստանալով նրա գործուն աջակցությունը տարբեր ծրագրերի իրագործման հարցում։
Ինչպես և ակնկալվում էր ներկաները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այս հանդիպմանը: Ինչպես հիրավի իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը` իրեն վստահված բարձր պատասխանատվությունն ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։
Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին և Հանրապետական կուսակցությանը, նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր Սահամանդրության ընդունմամբ նախագահի լիազորությունները կրել են որոշ փոփոխություններ, քանի որ Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման ձևին։ Նա կարևորեց առավել ժողովրդավարական երկիր կառուցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել խորացումն ու ամրապնդումը։
Իր խոսքի ավարտից հետո Արմեն Սարգսյանը ներկաներին հրավիրեց բարձրաձայնելու իրենց կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը։
Շատերն իրենց խոսքում նշեցին, որ թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական առումներով վերջինս լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն, իսկ առկա լայն կապերն ու հնարավորությունները ծառայեցնել ի շահ Հայրենիքի։
Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքը իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել եւ միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և՝ պատվելի աշխատանքը։