Լիզա Ճաղարյան. «…Այդ Մարիան այն նույն փոքրիկ գեղեցկուհի Մարիան է…»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «…Այդ Մարիան այն նույն փոքրիկ գեղեցկուհի Մարիան է…»

Արձակագիր Լիզա Ճաղարյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.

«Շատ տարիներ առաջ էր։ Դիլիջանում երիտասարդ ստեղծագործողների հերթական չորսօրյա սեմինարն էինք վայելում Կինոգործիչների նորակառույց տանը։ Տղաս չորս կամ հինգ տարեկան էր, ինձ հետ տարել էի։ 

Ափսոս, թվականը չեմ հիշում, 83 կամ 84-ն էր։ Բայց շատ լավ հիշում եմ, որ Սեդա Վերմիշևան նույնպես այնտեղ էր, հանգստանում էր իր թոռնուհու հետ։ Շատ անուշիկ, երկար մազերով ձագուկ էր, տղայիս տարիքին կամ մի քիչ փոքր։ Եթե ասեմ, որ տղաս սիրահարվել էր մոսկվացի այդ գեղեցկուհուն, քիչ կլինի։ Մեր գեղեցկուհին էլ կարծես դեմ չէր, որ տղաս հիանար իրենով։

Մեկ էլ 4-5-ամյա տղաս եկավ ու պահանջեց, որ փող տամ իրեն, Մարիային տանի բար ու հյութ հյուրասիրի։ Ունեցած-չունեցած տասը ռուբլիանոցս տվեցի, մտածեցի՝ էրեխեք են, հյութ կխմեն, մնացածը կբերի, դե՝ միրգ է, սիգարետ է, մանր-մունր ծախսերն անխուսափելի էին, որքան էլ որ պայմանները նախանձելի էին Կինոյի տանը։
Գնաց տղաս։ Բարն, իհարկե, հենց նույն շենքում էր։ Մի քանի ժամ անց երջանիկ, կյանքից գոհ եկավ, սպասեցի, որ փողի մնացորդը վերադարձնի, մեկ էլ տեսա՝ չէ, մտքին նման բան չկա։ Հիշեցրի։ Պատասխանեց, որ չկա, լրիվ ծախսել է բարում։ Ժամանակակիցներս, իհարկե, գիտեն, տասը ռուբլին ինչքան «արժեր» այդ տարիներին։ Դե, ի՞նչ ասեի։ Շփոթված ժպտացի, ու մնացած բոլոր օրերին բոլորիս ուրախությունն այս սիրահարված զույգն էր ու իմ կարմիր տասնոցի պատմությունը…

Կարդում էի վաղամեռիկ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի մասին։ Ու հանկարծ պարզեցի, որ Սեդա Վերմիշևայի թոռնուհին է…

Տղաս էլ է ռեժիսոր, գիտեր Մարիա Սահակյանին, բայց չգիտեր, որ այդ Մարիան այն նույն փոքրիկ գեղեցկուհի Մարիան է, որի հետ մի սիրուն օր Դիլիջանում գնացին հյութ խմելու։

Մոլորված նստել էինք ու երկար ժամանակ լուռ էինք»։



Նման նյութեր