Ջրային տնտեսության պետական կոմիտեն 2017-ին ջրօգտագործման վճարների ռեկորդային հավաքագրում է իրականացրել`ավելի քան 4 միլիարդ դրամի չափով: Այս մասին նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «2017-ին ունեցել ենք լավ ցուցանիշներ ջրային կոմիտեի գործունեության տեսանկյունից: Արձանագրվել է տրված ջրաքանակի` ջրառի աճ 28 տոկոսով, հավաքագրման աճ`11 տոկոսով: 2017-ին ջրօգտագործողներից ռեկորդային հավաքագրում ենք ապահովել, որը կազմել է 4 միլիարդ 150 միլիոն դրամ, նախորդ տարվանից այն ավելի է 380 միլիոն դրամով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պաշտոնյան:
Արսեն Հարությունյանը նշեց, որ 2016-ին ջրառը կազմել է 454, 2017-ին` 585 միլիոն խորանարդ մետր, այսինքն` մեկ հեկտար ոռոգելու համար միջինում 5 հազար 130 լիտրից ցուցանիշը հասցվել է 6000 լիտրի:
Կոմիտեի նախագահի խոսքով` հանրապետության 70 համայնքներում առկա 21 հազար հեկտար գերնորմատիվային հողատարածքների բաժանորդների ջրի օգտագործման հաշվարկից պահվել է այն ծախսերը, որոնք պայմանավորված են եղել հողատարածքները կրկնակի ոռոգելու անհրաժեշտությամբ: Բաժանորդներին զիջված գումարի չափը 800 միլիոն դրամ է կազմել: «Գերնորմատիվային հողատարածքներում բաժանորդները նույն քանակի բերք ստանալու համար կրկնակի ջուր են օգտագործում: Մենք աջակցել ենք նրանց, որպեսզի հարևան գյուղի ոչ գերնորմատիվային հողերի համեմատ դրանք ևս մրցունակ լինեն»,-ավելացրեց կոմիտեի նախագահը: