Երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը նոր զուգերգ ունեն, որի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները նրանք վստահել են Tert.am Life–ին։
Վաղեմի ընկերները զուգերգով ներկայանալու որոշում են կայացրել այս տարվա դեկտեմբերին, երբ Արմանը մենահամերգի համար մեկնել էր Լոս Անջելես։ «ԱՄՆ-ում Արմանը հանդիպումներ էր ունեցել հայ գործընկերների հետ։ Զրույցներից մեկի ժամանակ Արմենչիկի համաձայնության են եկել, որ զուգեր կատարեն»,- պատմեց Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանը։
Նոր աշխատանքը երկար սպասել չի ստիպել։ Կարճ ժամանակ անց ընտրվել է երգը, որի երաժշտությունը գրել է Արմենչիկը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։ «Երգը նվիրված է հայ աղջիկներին։ Փոփ ժանրում է։ Վստահ եմ, որ հավանության կարժանանա և՛ Արմենչիկի, և՛ Արմանի երկրպագուների կողմից»,- նշեց Լուսինեն ու հավելեց, որ երգի անվանումն ասել չեն կարող, քանի որ այժմ տարբերակներ են քննարկվում։
Արմենչիկը հատուկ այս տեսահոլովակի նկարահանման համար մի քանի օրով ժամանել էր Հայաստան։ Մի քանի օր Երևանում անցկացնելուց հետո այսօր նա արդեն վերադարձել է ԱՄՆ։
Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, որը եղել է նաև Արմանի վերջին` «Սրտիս տեր» տեսահոլովակի ռեժիսորը։ Նկարահանումներն իրականացվել են Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներից մեկում։ Տեսահոլովակը նկարահանել են մեկ օրում։ Պրեմիերան սպասվում է մինչև փետրվարի 20-ը։
«Թեթև ուրախ ոճի մեջ տեսահոլովակ է, որը կապահովի հասարակության բարձր տրամադրությունը»,– ասաց Լուսինեն։ Տեսահոլովակը սյուժետային գիծ ունի, թե ոչ, ստեղծագործական թիմը բացահայտել չի ցանկանում։
Դիտարկմանը, որ Արմանի տեսահոլովակներում, երբեմն, շեշտը դրվում է կիսամերկ աղջիկների գայթակղիչ կերպարների վրա, արդյոք այս անգամ էլ այդպես կլինի, Լուսինեն արձագանքեց. «Տեսահոլովակում կերպարների ընտրությունն անում է ռեժիսորը` հիմնավորելով, թե ինչու։ Երգիչը կարող է համաձայնել կամ ոչ։ Արմանը մշտապես թիմային աշխատանք է արել և վստահում է այն մասնագետներին, որոնց հետ աշխատում է»։