ուսաստանի Օրենբուրգի մարզի Խաբարնոե գյուղում միայնակ հայր Էդուարդ Սահակյանը մենակ է դաստիարակում ինը երեխաներին։ Նրա ընտանիքի պատմությունը ներկայացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Տղամարդն այրիացել է հունվարի սկզբին. կինը` Վեներան, մահացել է հետծննդաբերական բարդությունների պատճառով։
Ամուսինները միասին ապրել են 13 տարի։ Վեներան վերջին երեխային ունեցել է դեկտեմբերի 26-ին։ Դստեր ծնվելուց երկու շաբաթ անց կինը մահացել է։ Ընտանիքն այդ շրջանում պատրաստվել է բնակարանամուտի. ամուսինները որոշել են նոր տուն կառուցել, որի շինարարությունն այժմ դադարեցվել է։
Ընտանիքն ապրում է գյուղական հին տանը, որն արդեն շունչը փչում է։ Սահակյաններն այս տունը չեն նորոգել, քանի որ պատրաստվել են փոխել բնակության վայրը։ Կնոջ մահը բարդ իրադրության մեջ է դրել Սահակյանին և 9 երեխաներին (5 աղջիկ և 4 տղա)։
«Քանի դեռ կինը ողջ էր, բազմազավակ հայրն աշխատելու հնարավորություն ուներ։ Հիմա Էդուարդը երեխաների համար և՛ հայր է, և՛ մայր։ Նա խիստ զբաղված է. փոքրերին տանում է մանկապարտեզ, մեծերին` դպրոց, գնումներ է անում, կերակրում է, փաստաթղթերի հետևից է գնում, դաստիարակում է մոր խնամքից զրկված երեխաներին», — գրում է պարբերականը։
Վարձակալության հիմունքով նոր տուն գտնելու փորձերն առայժմ ձախողվում են. պոտենցիալ վարձակալները զգուշությամբ են վերաբերվում ինը երեխա ունեցող ընտանիքին։
Ստեղծված իրավիճակում տղամարդը չի կարողանում գումար վաստակել։ Դեռ Վեներայի մահից առաջ նա ցերեկային ժամերին նորմալ աշխատանքային գրաֆիկով էր աշխատում, հիմա զրկվել է այդ հնարավորությունից և ստիպված է անհատական գրաֆիկով աշխատանք գտնել։ Նախկինում Էդուարդն անձնական միկրոավտոբուս է ունեցել, զբաղվել բեռնափոխադրումներով, բայց մի քանի տարի առաջ մեքենան այրվել է։
Այժմ Էդուարդի ընտանիքն ապրում է նպաստներով։