Երգիչ Անդրեն շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի վրացի երգչուհի Նինի Շերմադինիի հետ։ Անդրե-Նինի դուետը լսարանին հայտնի է դեռևս 2011 թվականից, երբ նրանք ներկայացան «10+10» նախագծում, այնուհետև տեսահոլովակ նկարահանեցին «Ով սիրուն, սիրուն» երգի հիման վրա։ Տեսահոլովակի «սիրահարված զույգն» այն ժամանակ լայն քննարկումների տեղիք տվեց։ 7 տարի անց նրանք վերամիավորվել են նոր զուգերգի շուրջ, որում ևս սիրո պակաս չկա:)
Անդրեն նոր աշխատանքի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։
«Ամեն ինչ շատ անսպասելի որոշվեց: Նինին հիմա ավելի շատ լինում է Նյու Յորքում։ Մի քանի օրով գնացել էր Վրաստան, առաջարկեցի՝ քանի վերադարձել է, նոր զուգերգով հանդես գանք:
Տեսահոլովակի ռեժիսորն Անդրեի քույրն է՝ Անուշ Հովնանյանը, որը նաև նրա պրոդյուսերն է: Սա Անուշի առաջին ռեժիսորական աշխատանքն է: «Տեսահոլովակի հերոսները հենց մենք ենք՝ ես և Նինին: Այն նկարահանվել է Սիգնախի հեքիաթային քաղաքում: Թե ինչ է ներկայացված տեսահոլովակում, շատ չեմ ցանկանում բացահայտել: Միայն ասեմ, որ քաղաքն ինքնին շատ գեղեցիկ է, այնպես որ, տեսահոլովակն էլ շատ գունեղ ու գեղեցիկ է ստացվել»,- նշեց երգիչը։
Այս անգամ ևս լսարանը կտեսնի սիրահարված զույգի. «Տեսահոլովակում սեր ներկայացված է, բայց ավելին չեմ ուզում պատմել:)»։ Նոր աշխատանքի պրեմիերան սպասվում է ձմռան վերջին կամ գարնան սկզբին՝ երբ, ըստ Անդրեի, եղանակն ավելի համահունչ ու ներդաշնակ կլինի տեսահոլովակի հետ:
Հարցին` արդյոք երգիչը փորձում է ուժերը նաև վրացական շուկայում, նա պատասխանեց, որ Վրաստանում իրեն սկսեցին ճանաչել «10+10» նախագծից հետո. «Դրանից հետո արդեն եղավ իմ և Նինիի զուգերգը, որը հեռարձակվեց նաև այնտեղ: Շուտով այս տեսահոլովակն էլ կհեռարձակվի թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում: Փորձ, որպես այդպիսին, չեմ անում, բայց անչափ հաճելի է, որ իմ աշխատանքը վրացի հեռուստադիտողը ևս գնահատելու հնարավորություն ունի»:
Այս օրերին Անդրեն ԱՄՆ-ում է։ Երգիչը, սովորության համաձայն, չի դադարում աշխատել և նոր նախագծեր է մտմտում։ «Նախագծերը դեռևս մտքումս են ուրվագծվում, բայց ծրագրերիցս մեկն արդեն իրագործվում է: Դա փետրվարի 14-ին Լոս Անջելեսում կայանալիք համերգս է՝ նվիրված Սուրբ Վալենտինի տոնին: Օրերս տեղեկացա, որ տոմսերը, գրեթե, սպառված են, ինչի համար շատ ուրախ եմ: Համերգին կմասնակցեն նաև Արփի Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը: Լոս Անջելեսում բնակվող երկրպագուներիս այդ օրը սիրով կսպասեմ Vertigo Event Venue-ում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին` Անդրեն ասաց, որ պատրաստի ևս մեկ տեսահոլովակ ունի, բայց դեռ չի ցանկանում բացահայտել, թե որ երգի հիման վրա: Երգիչը խոստանում է` 2018-ին իմ հանդիսատեսը նորությունների պակաս չի ունենա: