Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանին, որը Դոնբասում սեփականություն ունի։
Հայտնի ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը, որը Դոնբասի մետաղագործության սեփականատերերից է, ձերբակալվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «ՄԿ»-ն։
Առցանց պարբերականի տվյալների համաձայն՝ Մկրտչյանը նշանավոր անձ է ոչ միայն Դոնբասում, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքում, նա նաև Դոնբասի արդյունաբերական միության (ԴԻՄ) երեք հիմնադիրներից մեկն է։
«Օլեգ Արտուշի Մկրտչյանը կապ ուներ միանգամից երեք ֆուտբոլային ակումբների կառավարման հետ՝ երեք տարբեր երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինայում ու Հայաստանում)։ Նա բարերար է, որը առնչություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող ու Լոնդոնի «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետ։ Մկրտչյանը հրապարակային մարդ չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը գրում է, որ «Մետալուրգի» տնօրենը Սերգեյ Տարուտան է, սակայն, ինչպես հայտնել են «ՄԿ»-ի աղբյուրները, ակումբի բոլոր հարցերը Օլեգ Մկրտչյանն էր լուծում։ Տեղեկացված աղբյուրը հայտնել է նաև, որ բազմիցս տեսել է Մկրտչյանին Դոնեցկի թիմի մարզումներին։ Հայաստանում գործարարը «Բանանց» ակումբի սեփականատերն էր։ Մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի հետ, օգնում էր նրան «Կուբան» ակումբը զարգացնելու հարցում։
Այն պահին, երբ Դոնեցկի «Շախտյորը» վաճառում էր հայ ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիային», խաղացողի նկատմամբ իրավունքների 50%-ը Օլեգ Մկրտչյանինն էր։ Այս անցումն ակումբի պատմության մեջ ամենաթանկն էր ու Մխիթարյանի տրանսֆերից վաստակած գումարի կեսը՝ 27.5 եվրոն, Օլեգ Մկրտչյանինն էր։
Ուկրաինայում Օլեգ Մկրտչյանը ԴԻՄ-ի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն էր ու կապ ուներ մետաղագործական գործարանների կառավարման հետ՝ Ալչևսկում և Կամենկայում։ Գործարանները գործում էին որպես մեկ տեխնոլոգիական շղթա, որը քանդվել էր 2017-ի մարտին։
Դրանից հետո, շատ դիտորդների կարծիքով, Դոնբասում ու Ուկրաինայում ակտիվների մեծ փոխանակումներ են տեղի ունեցել։ Պարբերականը գրում է, որ Մկրտչյանի ձերբակալությունը հնարավոր է կապ չունի Դոնբասի պատերազմի ու ուկրաինական մետաղագործության համար պայքարի հետ։
ԴԻՄ-ի ուկրաինական ղեկավարությանը մոտ գտնվող աղբյուրները նաև հակիրճ մեկնաբանություն են տվել Մոսկվայում գործարարի ձերբակալության առիթով, նշելով, որ ձերբակալումը կարող է կապված լինել միայն այն բանի հետ, որ նա վատնել է ԴԻՄ-ի նախագիծների և Օլեգ Մկրտչյանի այլ բիզնես նախագծերի համար հատկացված գումարները։