Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ մայիսին Երևանում կկայանա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ Գոհարից հետաքրքրվեցինք, թե ովքեր են այս տարի լինելու մրցույթի ժյուրիի կազմում։ Անուններ նշել Գոհարը չցանկացավ, սակայն խոսեց ժյուրիի անդամների հետ աշխատանքի բնույթի փոփոխության մասին։
«Ինչպես միշտ, ժյուրիի կազմը ամբողջությամբ կհայտարարենք վերջում։ Այս տարի ժյուրիի կազմում շատերը կլինեն մեր տնօրենների խորհրդից։ Այս անգամ մինչև մրցույթը, անպայման, անելու ենք փորձ, որին ներկա կլինեն նաև ժյուրիի անդամները։ Դա հնարավորություն կտա, որպեսզի գլխավոր շոուի ժամանակ գոնե մոտավոր պատկերացում ունենանք, թե ով ինչ տեղ է զբաղեցնելու և սխալմունքներ չլինեն։ Հնարավոր է` այդ պահին աղջիկներին անծանոթ ժյուրիի անդամները չկողմնորոշվեն և ճիշտ գնահատական չտան, արդյունքում` աղջիկները համապատասխան տեղեր չզբաղեցնեն տասնյակում»,- ասաց Գոհարը։
Հարցին` «Միսս Արմենիա 2017»-ի ժամանակ եղե՞լ է նման խնդիր, նա պատասխանեց. «Ինչ-որ չափով ունեցել ենք այդ խնդիրը»։
«Միսս Արմենիա 2017» կոչմանն արժանացած Լիլի Սարգսյանի անվան շուրջ քննադատության մեծ ալիք բարձրացավ։ Գոհարը նշեց, որ ժյուրին ամեն դեպքում իր գնահատականը տվել էր Լիլիին։ «Լիլին ընդամենը 4 բալով էր առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովայից, բայց անցել էր»,– նկատեց նա։
Նախորդ տարի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը։ Վերջինս հայտարարել էր, որ համաձայն չէր հաղթողի հետ, ինչը լայն քննարկումների արժանացավ։ Գոհարից հետաքրքրվեցինք` արդյոք Լուսինե Թովմասյանը լինելու է ժյուրիի կազմում։ «Ես Լուսինեին շատ լավ եմ վերաբերում, սակայն այս տարի նա չի լինի «Միսս Հայուհի 2018»-ի ժյուրիի կազմում»,- ասաց նա։