Բուլղարիայում ուզում են սրահ բացել Թուրքիայից բերված հայկական եկեղեցու մասունքների համար
Advertisement 1000 x 90

Բուլղարիայում ուզում են սրահ բացել Թուրքիայից բերված հայկական եկեղեցու մասունքների համար

Փրկվելով մահից` հայերն իրենց հետ վերցրել են եկեղեցական գրքերը. առանց դրանց չեն պատկերացրել իրենց կյանքը։

Պլովդիվի հայ համայնքը քննարկում է Թուրքիայի հայկական եկեղեցուց փրկված մասունքների համար ցուցասրահ ունենալու գաղափարը, հաղորդում է Բուլղարիայի Ազգային ռադիոն։

Մասունքները` լանջախաչեր և գրքեր, ինչպես նաև գավաթներ և այլ եկեղեցական սպասք, պահվում են Պլովդիվի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Մի քանի տարի առաջ դրանք կրկին ստուգել է եկեղեցու քահանա Դանիել Քարաջյանը։

«Նա ծնվել է Պլովդիվում, սովորել Երուսաղեմում։ Շատ կիրթ քահանա է։ Ուսումնասիրել և նկարագրել է եկեղեցական պահոցը»,- պատմում է Հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Աղավնի Գևորգյանը։

Այն հավաքված է 13 սնդուկներում, որոնք փախստականներն իրենց հետ բերել են Ռոդոստոյից։ Այդ հունական անվանումով քաղաքը հիմա գտնվում է Թուրքիայի եվրոպական մասում, որտեղ այն կոչվում է Թեքիրդաղ։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն այնտեղ ապրել են տասնյակ հազարավոր հայեր, հույներ և բուլղարացիներ, բազմաթիվ եկեղեցիներ են եղել։ Երբ հայերը փախել են Թուրքիայից, նրանք հասցրել են իրենց հետ վերցնել եկեղեցիների ունեցվածքը։

«Նրանց համար դա եղել է ամենակարևոր մաս, ինքնագիտակցության մասնիկ, առանց չափազանցության` ազգային արժեք»,- ասում է Գևորգյանը։

Շատերն ապաստան են գտել ուղղափառ Բուլղարիայում, որտեղ նրանց պատրաստակամությամբ ընդունել են։

Այդ մասունքների շարքում է Սուրբ խաչի մասնիկը, բյուզանդական վարպետի նմանությամբ ստեղծված XVII դարի Աստվածածնի պատկերը, Սուրբ Նիկոլայի և Սուրբ Գեորգիի մասունքների մասեր։

Այժմ համայնքը քաղաքի իշխանությունների հետ քննարկում է ցուցասրահի գաղափարը, որտեղ հավատացյալ այցելուները դրանք դիտելու հնարավորություն կունենան։

armeniasputnik.am