Ինչպես գրում է tert.am-ը, ռուսաստանաբնակ գործարարներ, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին «Ведомости»-ին պատմել են գործարարների երկու ծանոթները: Այդ մասին գիտեն նաև նրանց հետ աշխատող երկու խորհրդականները: Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքերով՝ որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարբեր տեսակետներ են ունեցել բիզնեսի հետագա զարգացման և դրանց կառավարման մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են զբաղվել իրենց նախագծերով, ասել են «Ведомости»-ի զրուցակիցները:
Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարած հիմնադրամների ներդրողներ են: Ընկերության կայքում նշված է, որ իր պորտֆելում կան ընդհանուր ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ:
Դրանց թվում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» բիզնես թաղամասը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը, «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոնները և այլն:
Դրանք բոլորը յուրահատուկ օբյեկտներ են ինչպես տեղադրության տեսանկյունից, այնպես էլ որակի, ասել է Colliers International-ի գործընկեր Ստանիսլավ Բիբիկը: Նա հավելել է, որ եթե Avica-ն որոշեր դրանք վաճառել, դրանցով կհետաքրքրվեին ինչպես ռուս, այնպես էլ միջազգային ներդրողները:
Ինչպես նշել են բանակցությունների տարբեր կողմերին մոտ երկու աղբյուրները, դեռ ակտիվների բաժանումը գործարարների միջև չի ավարտվել, բայց նրանք արդեն պայմանավորվել են, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամների բոլոր առևտրային օբյեկտները: Բացի «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոններից՝ նրանք նշել են նաև Մոսկվայում «Оби Боровское» և Սանկտ Պետերբուրգում «Оби Боровское» հիպերմարկետները: Նրանց խոսքերով՝ Վարդանյանի հիմնադրամներ կանցնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը: CBRE-ի գլխավոր տնօրեն Վլադիիր Պինաևի կարծիքով՝ Avica-ի ակտիվների նման բաժանումն արդար է թվում:
Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: «Воздвиженки»-ի հիմնական սեփականատեր Fosun Russia-ի գործադիր տնօրեն Տանյա Էն Տերնավսկայան նշել է, որ Avica-ում բիզնեսի բաժանումը ոչ մի կերպ չի անդրադառնա օբյեկտի վրա, քանի որ Avica-ն մինորիտար մասնաբաժին ունի այնտեղ: