Երևանում առաջին McDonald’s բացելու հարցը կլուծվի 2018 թվականի մարտին նախատեսված նախագահական ընտրություններից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վրացի գործարար Թեմուր Չկոնիան։
«Հայաստանի կառավարությունը կողմ է, որ ձեր երկրում McDonald’s ռեստորանների ցանց բացվի։ ՀՀ նախագահի ընտրությունից հետո կլուծվի առաջին ռեստորանը բացելու հարցը։ Այն անպայման պետք է լինի Երևանի կենտրոնում»,- ասաց Չկոնիան։
Նա պատրաստվում է ներկայացնել բիզնես-ծրագիրն ու McDonald’s-ի ամբողջական կոնցեպտը, որում կլինեն բոլոր հարցերի պատասխանները` տնտեսական էֆեկտը, նոր աշխատատեղերի ու ամբողջ Հայաստանում ռեստորանների քանակը։
«McDonald’s–ը որոշակի փիլիսոփայություն է, որը փոխում է ոչ միայն շրջակայքը, այլև մտածողությունը։ Վստահ եմ, որ մեր նախաձեռնությունը կողջունի Հայաստանի երիտասարդների մեծ մասը, որոնք ժամանակակից ու ազատ մտածելակերպ ունեն»,- ասաց Չկոնիան։
Նրա խոսքով` Երևանում կարելի է երեք McDonald’s բացել։ Եվ եթե անգամ դրանցից մեկը տեղակայված լինի Երևանի կենտրոնում, միևնույն է` չի փչացնի քաղաքի տեսքը։ Որպես ապացույց` նա օրինակ բերեց Թբիլիսիում բացված առաջին McDonald’s-ը, որը գործում է Ռուսթավելի փողոցում։
«Հանրապետության հրապարակում McDonald’s բացելը մեր երազանքն է։ Կոչ եմ անում McDonald’s-ը չդիտարկել որպես հերթական ռեստորան, որը կարող է մրցակցել հայկական ազգային խոհանոցի հետ»,- ասաց Չկոնիան։
Գործարարի խոսքով` ինքն ամեն բան կանի, որպեսզի McDonald’s-ի բացումը բացասաբար չընդունվի Հայաստանում։ Նա այդ ցանցի բացումը պատմական իրադարձություն է համարում ոչ միայն իր, այլև Հայաստանի համար։
Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald’s ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald’s արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։