«Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:
«Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա’մ հերքել, կա’մ հաստատել է.
– Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:
– Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:
– Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:
– Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:
– Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:
– Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:
– Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:
– Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:
– Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:
– Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան: