Երգիչ Ժոռ Դիլբարյանը հանրությանը վաղուց է ծանոթ։ Թեև հանդիսատեսը նրան ճանաչում է, գնում համերգներին, հրավիրում կորպորատիվ երեկույթների, երգչի մասին տեղեկություններ, գրեթե, չկան։ Ասում է` չի սիրում խոսել իր մասին։ Այնուամենայնիվ, երգիչը Tert.am Life-ին պատմել է իր գործունեության, առաջիկա անելիքների և ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակը գողանալու մասին։
Ժոռը պատմեց, որ մանկուց է երգել, բայց երաժշտական գործունեություն, որպես այդպիսին, սկսել է 2002 թվականից։ «Առաջին ձայնասկավառակս թողարկել եմ բանակից վերադառնալուց հետո՝ 2002–ին։ Դա ինձ համար առանձնահատուկ աշխատանք էր` կոչվում էր «Ինչ անեմ»։ Այն ինձ ճանաչում բերեց։ Հետագայում ունեցա հիթեր` «Ժամ ու տարի», «Շտապիր սիրել», «Մնա, մնա», սակայն այդ ձայնասկավառակն առանձնահատուկ էր։ Գուցե, զարմանալի թվա, սակայն ամբողջ կյանքում միայն երաժշտությամբ եմ զբաղվել։ Եղբայրս` Վարուժոն, ևս երաժիշտ է։ Մենք ունենք մեր ձայնագրման ստուդիան»,– պատմեց նա։
Ժոռը կարևորում է, որ լսարանին ներկայանում է հեղինակային երգերով։ Ըստ նրա` երբ ներկայացնում ես այն, ինչ ինքդ ես գրել, ավելի խորն ես զգում երգը։ Երբևէ չի համագործակցել այլ հեղինակների հետ, սակայն նշեց, որ պատրաստ է համագործակցել։
Երգչի` թոփ-մոդել Քեյթ Ավրամչիկովային մասնակցությամբ «Իմ արև» տեսահոլովակի կադրերը գողացվել և օգտագործվել են ռուս դիջեյների տեսահոլովակում։
«Իմ տեսահոլովակի կադրերը սև ու սպիտակ տարբերակով օգտագործված էին ռուս դիջեյների տեսահոլովակում։ Ես երբեք չէի լսել, որ հայ արտիստներից որևէ մեկի տեսահոլովակը գողանան։ Մենք կապ հաստատեցինք իրենց հետ, պարզվեց, ֆրանսիական մոդելային գործակալություններից մեկն է իրենց վաճառել այդ կադրերը։ Գործակալն իրեն այնպես պահեց, կարծես, հենց իրենց կադրերն էին։ Ուզում էի դատական գործ սկսել։ Vimeo–ում բողոքարկեցինք, անմիջապես ջնջեցին տեսահոլովակը։ Մոդելային գործակալությունից մենեջերիս գրել էին` ինչպես ֆրանսիացիներս ենք ասում` պատերազմը պարտված է, բայց դեռ ավարտված չէ։ Հիմա սպասում եմ, գուցե մյուս տեսահոլովակներս գողանան։) Միայն իրենց պահվածքի համար ուզում էի դատական գործ սկսել, սակայն ժամանակի սղության առումով բավարարվեցի հեղինակային իրավունքը վերականգնելով։ Տղաներն էլ խնդրեցին, որ Youtube–ին չբողոքենք, քանի որ բավականին շատ դիտումներ ունեին, փոխարենն իրենք ավելացրին օրիգինալ տեսահոլովակի լինկը»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am