Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բարձր զարկերակային ճնշումը ժամանակակից աշխարհի գլխավոր մարդասպաններից է։ Ընդ որում հիպերտոնիան սպանում է հանգիստ, աննկատ՝ մարդուն թվում է, թե ինքն իրեն նորմալ է զգում, գլուխը չի ցավում, հետևաբար որևէ խնդիր չկա։ Իրականում ճնշումն օրեցօր վնասում է նրա անոթները ու մի անգամ էլ կհանգեցնի ինսուլտի կամ ինֆարկտի։
Այսօրվա դրությամբ նորմալ է համարվում սնդիկային սյունի 120/80 միլիմետրից ցածր ճնշումը։
Մայո կլինիկայի մասնագետները մի քանի խորհուրդ են տվել այն մասին, թե ինչպես կարելի է կարգավորել զարկերակային ճնշումը։
Ավելի քիչ սթրես՝ ավելի շատ զբոսանք
Նախ պետք է Ձեզ զերծ պահեք սթրեսից, լինեք ֆիզիկապես ակտիվ օրվա ընթացքում ու հնարավորինս առողջ կենսակերպ վարեք։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ, միասին զբոսնել։ Մասնագետների խոսքով, մտերիմների հետ լավ հարաբերությունները ու դրական մտածողությունը նպաստում են սրտի հետ կապված խնդիրների նվազմանը։
Նաև մասնագետները խորհուրդ են տալիս օրական 15-20 րոպե հատկացնել լիցքաթափված վիճակում կարճատև հանգստին։ Խորը շնչառությունն ու մարմնի անշարժ դիրքը, օրինակ, աթոռին նստած ժամանակ, պետք է օգնի հաղթահարել սթրեսային վիճակը։
Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ակտիվությունը նույնպես շատ կարևոր է զարկերակային ճնշման կարգավորման՝ նաև ընդհանուր առողջության համար։ Մասնագետների խոսքով, ինտենսիվ աէրոբային վարժությունները, որոնք պետք է սկսել գոնե միջին տարիքում ( իսկ իդեալական է՝ մանկուց) կօգնեն խուսափել սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներից, որոնց պատճառը նստակեցությունն է։ Վարժություններ պետք է անել շաբաթական առնվազն 4-5 օր:
Ոգելիցը՝ չափավոր
Նաև խորհուրդ են տալիս նվազեցնել ոգելից խմիչքի գործածումը ՝հասցնելով այն չափավոր չափաբաժինների։ Մայո կլինիկայի հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ոգելից խմիչքի երեք չափաբաժիններից ավելին խմելը կարճաժամկետ բարձրացնում է զարկերակային ճնշումը, իսկ եթե մարդը կանոնավոր է չարաշահում ոգելից խմիչքը, նա կարող է արդեն լուրջ խնդիրների բախվել։
Քաշն ու սննդակարգը
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հետևել քաշին, սննդի մեջ գործածելով բջջանյութով հարուստ մթերքներ ու նվազագույնի հասցնելով սննդակարգում շաքարի քանակը։ Մարմնի զանգվածի նվազումը ավելացնում է դեպի ուղեղ արյան շրջանառությունը՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը արյունատար անոթների վրա։
Աղի գործածման նվազեցում
Աղի ավելորդ գործածումը բարձրացնում է զարկերակային ճնշումը, դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս գործածել քիչ քանակությամբ աղ ու մեծ քանակությամբ կալիում պարունակող մթերքներ՝ օրինակ բանան, ավոկադո։
Ծխելը թիվ մեկ թշնամին է
Սրտանոթային համակարգի ֆունկցիաների կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել ծխելուց, վստահեցնում են մասնագետները։ Ծխախոտի մեջ պարունակվող նյութերը առաջացնում են արյան ճնշման արագ աճ, ինչը պայմանավորված է անոթների նեղացումով ու դրանց ներքին մակերեսի վրա գտնվող բջիջների վնասումով։
American Lung Association ասոցացիայի տվյալներով, ծխելուց հրաժարվելուց ընդամենը 2 շաբաթ հետո ինֆարկտի ռիսկը նկատելիորեն նվազում է։