Ի՞նչ սննդամթերք է պետք գործածել իդեալական ատամներ ունենալու համար։ Սիդնեյցի ատամնաբույժ Լյուիս Էրլիչը իր տեսակետն է պատմել այդ մասին, նաև ներկայացրել իր սննդակարգը։
Ատամնաբույժի խոսքով, ամեն առավոտ ինքն արթնանում է առավոտվա ժամը 6-ին և միանգամից ուտում է մեկ խնձոր։ Դրանից հետո նա ձվածեղ է պատրաստում մեծ քանակության բանջարեղենով։ Ճաշին բժիշկ Էրլիչը նախընտրում է ուտել բանջարեղենային աղցան՝ հավով կամ սպիտակուցի որևէ այլ աղբյուրով, իսկ որպես հետճաշիկ նա սովորաբար ընդեղեն է ուտում ու մուգ շոկոլադ։
Աշխատանքից հետո բժիշկ Էրլիչը մարզասրահ է գնում կամ էլ հեծանիվ վարում և վազում։ Նաև նա պաշտում է լողը, հաճախում է յոգայի դասընթացներ ու ժամանակ անցկացնում սաունայում։ Նրա ընթրիքը բաղկացած է մեծ քանակությամբ բանջարեղենից, ձկից, հավից կամ կարմիր մսից։ Երեկոյան Լյուիսը նաև սիրում է դառը շոկոլադ ուտել։ Ընդ որում նա քունն իր օրվա կարևոր մասն է համարում։ Սովորաբար բժիշկ Էրլիչը պառկում է քնելու ինն անց կեսին, ու ընդամենը մեկ ժամից արդեն քնած է լինում։ Հանգստյան օրերին նա ձգտում է առավոտ շուտ արթնանալ ու մարզվել, որպեսզի ամբողջ օրն իրեն առույգ զգա։
Այս ատամնաբույժը, իր իսկ խոսքով, կյանքը չի պատկերացնում առանց ձվի, բանջարեղենի ու դառը շոկոլադի, նա հաճախ է մի ճաշից մյուս ճաշն ընկած հատվածներում ուտում նուշ, նեխուր ու գազարի ձողիկներ։ Չնայած բժիշկ Էրլիչը ատամնաբույժ է, բայց նա շեշտում է սննդի հարցում հավասարակշռությունը պահպանելու կարևորությունը ու մարդկանց խորհուրդ է տալիս երբեք չձգտել կատարելության, երբեմն էլ իրեն թույլ է տալիս որոշ շեղումներ առողջ սննդակարգից՝ օրինակ շոկոլադ կամ պիցցա։
Նաև բժիշկ Էրլիչը պաշտում է կանաչ թեյը, քանի որ այն բարերար է ազդում լնդերի առողջության ու բերանից տհաճ հոտի վերացման վրա։ Եթե դուք չեք կարողանում ապրել առանց ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների, ապա ատամի էմալի վնասման հավանականությունը կարելի է նվազեցնել՝ բաժակի մեջ հավելելով մի քանի կտոր սառույց, որպեսզի ավելացնեք ջրի պարունակությունը, իսկ այդ ըմպելիքների գործածումից հետո ջուր խմեք։ Նաև գործածեք շաքար չպարունակող ծամոն, որից կես ժամ հետո մաքրեք ատամները։