Արսեն Վենգերի երկու երեսը. ինչու չստացվեց Մխիթարյանի խաղը…
Advertisement 1000 x 90

Արսեն Վենգերի երկու երեսը. ինչու չստացվեց Մխիթարյանի խաղը…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմի» դեմ ցուցադրելով դժգույն խաղ՝ «Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում: Մարտավարական առումով Արսեն Վենգերը կրկին ձախողվեց: Լինելով ճանաչված փորձառու մասնագետ՝ Վենգերին այդպես էլ չի հաջողվում թիմի խաղը կարգավորել արտագնա հանդիպումներում: Վերջին անգամ «Արսենալը» մրցակցի հարկի տակ հաղթել է 2017 թվականի դեկտեմբերի 29-ին՝ հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթելով «Կրիստալ Փելեսին»: Դրանից հետո Վենգերի թիմը Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում 4:2 հաշվով զիջել է Չեմփիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Փորեսթին», այնուհետև Պրեմիեր լիգայում 2:1՝ «Բորնմութին», և 3:1 հաշվով՝ «Սուոնսիին»:

Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը պարտության համար մեղադրել է մասնավորապես հարձակողական ոճի խաղացողներին: «Խաղի սկզբում շատ էինք տեղաշարժվում և մեծ ուժեր գործադրեցինք հաջողության հասնելու համար: Մրցակիցը փակ ֆուտբոլ էր խաղում, և դժվար էր գտնել ազատ տարածություն: Այո, մենք գնդակին տիրում էինք, սակայն գոլային պահեր չէինք կարողանում ստեղծել: Շարունակ չէր ստացվում վերջին փոխանցումը: «Տոտենհեմը» գրագետ գործեց, գոլից հետո մենք չկարողացանք ուժ գտնել վերականգնելու և փրկելու խաղը: Խաղավարտին կարող էինք փրկվել, սակայն մեր հարձակվողը կրկին վրիպեց: Այս խաղում որոշիչ էր լինելու առաջին գոլը, որը բաց թողեցինք մենք: Տեղի ունեցածի համար պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ: Այժմ շատ բարդ կլինի առաջնությունն ավարտել լավագույն քառյակում, բայց մենք պետք է շարունակենք պայքարը»,- նշել է Վենգերը:

27-րդ տուրից հետո «Արսենալը» 45 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում՝ արդեն 7 միավորով զիջելով 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»: 5-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին» ունի 50 միավոր, սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել:

Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հավանականությունը մեծ է, որ ամռանն «Արսենալի» ղեկավարությունը Վենգերին կազատի աշխատանքից: Մասնավորապես, եթե «Արսենալին» չհաջողվի հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում կամ Եվրոպա լիգայում, ֆրանսիացի մասնագետի հեռացումն անխուսափելի կլինի: «Արսենալի» առաջ խնդիր է դրված նաև Պրեմիեր լիգայում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Ակնհայտ է, որ նման խաղով «Արսենալին» չի հաջողվի շրջանցել «Չելսիին», «Տոտենհեմին» կամ «Լիվերպուլին»: Վենգերի թիմն այսօր ունի երկու դեմք: 26-րդ տուրում «Էմիրեյթս» մարզադաշտում տեսանք «Արսենալի» տնային հանդիպումների երեսը, իսկ «Տոտենհեմի» և 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ հանդիպումներում՝ արտագնա խաղերի դժգույն դեմքը:

«Տոտենհեմի» հետ խաղում դժվար է «Արսենալից» առանձնացնել գոնե մեկ ֆուտբոլիստի: Շատերն այն կարծիքին են, որ այս խաղում Մխիթարյանի խաղը չստացվեց: Այո, «Էվերթոնի» հետ հանդիպման համեմատ Մխիթարյանն ավելի անհաջող խաղաց: Մխիթարյանի խաղը չստացվեց այն պարզ պատճառով, որ սխալ մարտավարության հետևանքով «Արսենալի» խաղն ուղղակի պարալիզացված էր: «Տոտենհեմը» խաղաց կանխատեսելի մարտավարությամբ՝ արգելափակելով մրցակցի արագ ֆուտբոլիստների տեղաշարժերը: Ու չնայած Վենգերը խոսում է իր խաղացողների՝ գոլային պահերը չօգտագործելու մասին, կարծում ենք՝ «Տոտենհեմը» արժանի էր հաղթանակի և կարող էր հաղթել ավելի համոզիչ հաշվով:

«Էվերթոնի» դեմ խաղում Մխիթարյանը բավական հաջող խաղաց աջ եզրում: Լոնդոնյան դերբիում, չգիտես ինչու, Վենգերը հայ ֆուտբոլիստին հանձնարարել էր գործել ձախ եզրում: Թե ինչով էր պայմանավորված այս տեղաշարժը՝ դժվար է ասել: «Արսենալի» երկրպագուները խաղից հետո Վենգերին մեղադրել են «Տոտենհեմի» հետ խաղում Մխիթարյանի դիրքը փոփոխելու մեջ:

Փետրվարի 15-ին «Արսենալը» ևս մեկ արտագնա հանդիպում է անցկացնելու: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շրջանակներում լոնդոնյան թիմը հյուրընկալելու է շվեդական «Էսթերսունդին»: Սա հնարավորություն է Վենգերի համար խնդիրները որոշակիորեն կարգավորելու համար: Փետրվարի 25-ին էլ «Արսենալը» «Ուեմբլի» մարզադաշտում «Մանչեսթեր Սիթիի» հետ վիճարկելու է Անգլիայի լիգայի գավաթը: Այդ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի, քանզի այս մրցաշարին արդեն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկությանն էլ մասնակցելու իրավունք չունի Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Խնդիրներն իսկապես շատ են: Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Արսենալը» կրկին մրցակցի հարկի տակ խաղալու է առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս խաղում պարտվելու դեպքում լավագույն քառյակի համար պայքարը այլևս իրատեսական չի լինի:

1in.am