Հայաստանի միակ լեռնադահուկորդը Փհենչհանում. Դահուկներ և կոշիկ չունեմ, չեմ մարզվում
Advertisement 1000 x 90

Հայաստանի միակ լեռնադահուկորդը Փհենչհանում. Դահուկներ և կոշիկ չունեմ, չեմ մարզվում

Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չեմ ստացել. դահուկներ և կոշիկ չունեմ, չեմ մարզվում, եթե չհասցնեմ մարզվել նախքան մեկնարկս, մրցելույթի դուրս չեմ գա Օլիմպիական խաղերում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքից ասաց Օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մարզվելու, վազքուղին փորձարկելու հնարավորություն չունի, քանի որ մարզագույք չունի:

Աշոտ, արդեն մի քանի օր է` օլիմպիական Փհենչհանում ես: Ի՞նչ խնդիր կա մարզահագուստիդ և մարզագույքիդ հետ կապված:

Մարզահագուստի հետ կապված խնդիր չունեմ, մարզագույք` դահուկներ և կոշիկներ չունեմ: Այստեղ եկել էի ընկերոջս դահուկներով, քանի որ իմ անձնական դահուկները չունեմ, ֆեդերացիայից նոր դահուկներ չեմ ստացել: Մրցաշրջանի սկզբում հավաքականի բոլոր անդամները նոր մարզագույք ստացան, իսկ ես` ոչ: Մրցաշարերին մասնակցում էի ընկերոջս դահուկներով, Թուրքիայի, Իրանի մրցաշարերում ևս հանդես եմ եկել ընկերոջս դահուկներով: Հայաստանի առաջնությունում էլ հաղթեցի ընկերոջս դահուկներով: Երբ եկանք օլիմպիական քաղաք, առաջին մարզմանը փորձեցի դուրս գալ, մրցուղու հետ ծանոթանալ, բայց ունեցածս դահուկները, որոնք տվել էր ընկերս մաշված էին, կոտրվեցին:

Իսկ ինչպե՞ս և ի՞նչ մարզագույքով ես դուրս գալու մեկնարկի:

Այժմ դահուկ չունեմ, չեմ մարզվում: ՀԱՕԿ-ն ինձ համար արդեն պատվիրել է նոր դահուկներ Ռուսաստանից: Այժմ այն ուղարկում են ինձ: Եթե ժամանակին հասնի, կարողանամ նոր դահուկներով մարզվել, կմասնակցեմ մրցմանը, իսկ եթե չմարզվեմ, չեմ դուրս գա մեկնարկի:

Ի՞նչն է իրականում պատճառը, ինչո՞ւ քեզ նոր գույք չի հասել:

Չգիտեմ… Գուցե այն պատճառով, որ ես բոլորին հաղթում եմ: Ես պետք է յուրաքանչյուր մրցաշրջանին նոր մարզագույք ստանամ, բայց բոլորը ստացել են, իսկ ես` ոչ:

Դահուկային սպորտի ֆեդերացիան նշում է, որ դու ունես նոր գույք և այն այժմ քեզ մոտ է:

Սուտ է… Ես չունեմ նոր դահուկներ: Ինձ համար նոր դահուկներ Օլիմպիական կոմիտեն է գնել, որն ինձ կհասնի մի քանի օրից միայն: Չեմ մարզվում, քանի որ կոտրված են իմ դահուկները, որոնք ինչպես արդեն ասացի ընկերս էր ինձ տրամադրել: Դրանք 4 տարվա դահուկներ էին, այդ պատճառով առաջին մարզումային օրը շարքիս դուրս եկան: Ֆեդերացիան նկատի ունի 2017 թվականին ստացած իմ մարզագույքը, բայց ես դրանք ինձ հետ Փհենչհան չեմ բերել, քանի որ վերջացել էր դահուկներիս քսուկը, որով մշակում ենք մարզագույքը լավ սահելու համար: Նորմալ մարզիկները ամեն մրցաշրջանին երկու զույգ դահուկ են փոխում: Ֆեդերացիան նաև պատճառաբանում է, որ բանակային տարիքում եմ, այդ պատճառով ինձ համար մարզագույք չեն ստացել, բայց դահուկներն ինչ կապ ունեն` ես բանակ գնում եմ, թե ոչ: Զինծառայության իմ խնդրի պատճառով չեմ գնացել, այլ ոչ թե նրանք են ազատել:

Ես այս Օլիմպիական խաղերին պատրաստվել եմ երկար ժամանակ: Շուրջ երկու տարի մարզվել, աշխատել, տանջվել էի օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար: Հունվարին կայացած երկու մրցաշարերում` Թուրքիայում և Իրանում ինձ հաջողվեց բարելավել արդյունքներս և արդեն համոզված էի, որ ես եմ մեկնելու Օլիմպիական խաղեր: Այս մազաձևը շատ եմ սիրում: Ծնվել, մեծացել եմ Ծաղկաձորում, որտեղ լեռնադահուկը շատ սիրված և տարածված մարզաձև է: Օլիմպիական խաղերի մեկնարկին պատրաստ եմ, լավ մարզավիճակ ունեմ, բայց բնական է, որ մեդալային պայքարում չեմ լինի: Բայց շատ եմ ուզում լավ մասնակցություն ունենալ, լավ և պատվով ներկայացնել իմ երկիրը, որպեսզի աշխարհը տեսնի, որ այս մարզաձևը կա նաև Հայաստանում, հայերն էլ են սիրում լեռնադահուկ, որ մեր երկրում էլ լավ հիմքերի վրա է դրված մարզաձևը, զարգացած է և դեռ իր խոսքը կասի համաշխարհային սպորտում:

 

sport.news.am