Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը իր միկրոբլոգում:
Մեր ժողովուրդի սիրված տոներից է Տրնդեզը, որի ակունքները հազարամյակների խորքից են գալիս: Առհասարակ, յուրաքանչյուր տոն, տոնակատարություն իր մեջ մեծ խորհուրդ ունի, և միաժամանակ, միջոց է համախմբելու հանրությանը, հասարակությանը: Հնում յուրաքանչյուր ազգային, նաև եկեղեցական տոն նշվել է մեծ հանդիսությամբ, ամբողջ համայնքով: Համայնական հանգանակած միջոցներով մատաղ է արվել, ընկերային հացկերույթների գեղեցիկ սովորույթի հիմքն է դրվել:
Ցավոք, այսօր այլ է իրականությունը: Տոնը ոչ միայն միավորիչ չէ, այլև շատ հարցերի առաջ է կանգնեցնում հանրությանը: Տարբեր առիթներով քննարկումներ են ընթանում լրատվամիջոցներով, սոցիալական կայքերով:
Նախ խոսքը վերաբերվում է Տրնդեզի ծագման, արմատների մասին: Կարծես թե գաղտնիք չէ, որ ի թիվս այլ ազգային տոների` Տրնդեզի արմատները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից և տոնը նվիրված էր հայոց երկու աստվածություններին` հացազգիների հովանավոր Տիրին, որը նաև աստվածահայր Արամազդի քարտուղարն է և հայոց դպրության, գիտության հովանավոր աստվածը: Տրնդեզի մյուս խորհուրդը կապված է Վահագն հուր-աստծո պաշտամունքի հետ:
Խնդիրն այսօր Տրնդեզի տոնի ակունքների ներկայացման ձևի մասին է: Հայ առաքելական եկեղեցին բացառում է Տրնդեզի բնապաշտական, հեթանոսական /հեթանոս բառն առաջացել է հունարեն էթնոսից և նշանակում է ազգային/ ակունքները և Տրնդեզը ներկայացնում է որպես զուտ եկեղեցական տոն: Իսկ Տրնդեզի հաջորդ օրը, երբ կաթոլիկ եկեղեցին նշում է որպես Սուրբ Վալենտինի օր, մեր եկեղեցին սահմանել է երիտասարդների օրհնության օր, որ ավել շատ ընկալվում է որպես սիրո տոն: Թե ով էր Վալենտինը, դրա մասին շատ է խոսվել և գրվել: Խնդիրը կայանում է նրանում, որ Վալենտինը որևէ աղերս չունի հայ ինքնության, հայոց ազգային տոների հետ. մենք ազգային տոնացույցում ունենք սիրո և երիտասարդության տոն: Դա Վարդավառն է` Աստղիկի և Վահագնի սիրո գեղեցիկ տոնը, որ հազարամյակներ շարունակ նշվել է մեր նախնիների կողմից: Այսօր էլ Վարդավառը մեր ժողովրդի ամենասիրված տոներից է և նշվում է մեծ հանդիսավորությամբ ու ճոխությամբ: Թերևս, Ամանորից հետո հենց Վարդավառն է ամենաժողովրդական տոնը հայ իրականության մեջ: Հայ առաքելական եկեղեցին, բնականաբար, չի ընդունում նաև Վարդավառի խորհուրդը և այն ներկայացնում է բացառապես որպես Հիսուսի այլակերպության տոն:
Ցավոք, մենք այստեղ առնչվում ենք ոչ միայն կրոնական անհանդուրժողականության, այլև ազգային ինքնության մերժման փաստի հետ: Իմ մասնավոր խոսակցություններից մեկում, երբ մի քահանայի փորձեցի բացատրել Վարդավառի ծագումն ու ակունքները, նա ուղղակի ծիծաղեց, անգամ ինձ մեղադրեց անգրագիտության մեջ: Մեկ այլ քահանա բոլորովին վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ոչ միայն մերժեց աղգային-եկեղեցական տոների բնապաշտական ծագումը, այլև բացեիբաց հայտարարեց, թե մեր տոները բացառապես քրիստոնեական ծագում ունեն և որևէ աղերս չունեն հեթանոսության հետ: Վերլուծելով ասվածը` պետք է հետևություն անել, որ ավելի ընդունելի են քրիստոնեական /հետևաբար` հրեական/ քան ազգային ծագմամբ ու ակունքներով տոնակատարությունները: Երևույթը ցավոտ է ու տարածված. փաստորեն, մեր եկեղեցին մերժելով ազգային տոների գոյությունը, ոչ միայն չի մերժում օտար ծագմամբ ու խորհրդով տոնակատարությունների անցկացումը, այլև` միջոց է հանդիսանում, նրանց Հայաստան ներթափանցման համար: Վկան` Սուրբ Վալենտինի անհասկանալի ու գոնե շատերի համար անընդունելի տոնը:
Չնայած դրան, Տրնդեզի` հայկական ազգային ծագումնաբանությունը մերժելը հայ եկեղեցու կողմից չի դիմանում որևէ քննադատության: Եթե ընդունենք որ դա ոչ ազգային, այլ զուտ եկեղեցական տոն է, ապա պետք է ենթադրել, որ 301-ից առաջ մեր նախնիները Տրնդեզ չեն նշել: Բացի այդ, ստացվում է, որ Տրնդեզի խարույկը, որի վրայով թռչելը չի խրախուսվում հոգևորականության կողմից, դարձյալ ներմուծվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից, ինչը, բնականաբար, կատարյալ անհեթեթություն է:
Այսօր հայկականության, հայ ինքնության մերժումը ցավոք, մեծ չափերի է հասել: Չնայած նրան, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, այսօր ցավոք, տեսնում ենք եկեղեցու և հոգևորականության կողմից ազգային արժեքների մերժում, ուրացում: Տպավորություն է ստեղծվում, թե մինչև 301 թվականը չի եղել Հայաստան, հայություն, հայկական մշակույթ և ավանդություններ: Ստացվում է այնպես, որ հայ հոգևորականությունը փոխանակ աղանդավորության սաստկացող ու մոլեգնող երևույթի դեմ պայքարելու` պայքարում է հայի պատմական հիշողության ու նախնյաց ստեղծած մշակույթի դեմ: Ստացվում է այնպես, որ մենք նախաքրիստոնեական մշակույթ և ավանդույթներ չենք ունեցել, ստացվում է այնպես, որ այլադավան հայը` լինի դա հեթանոս, մահմեդական կամ բուդդայական, հայ չի ընկալվում, և վերջապես ստացվում է այնպես, որ մեր հեթանոս պապերը մերը չէին:
Մինչդեռ իրականում մեր ազգային-եկեղեցական բոլոր տոները գալիս են բնապաշտական ժամանակներից և ունեն հեթանոսական ծագում: Բանն այն է, որ երբ 301 թվականին քրիստոնեությունը մտավ Հայաստան, ընդ որում` հրով ու սրով, հայ ժողովուրդը երկար ժամանակ չէր ընդունում իր համար անհասկանալի նոր և օտար կրոնը, նրա արժեքները: Երկար ժամանակ հայությունը իր հին ծեսերն ու տոներն էր նշում, և որպեսզի քրիստոնեությունը ամրապնդվի հայության մեջ` եկեղեցին վերցրեց հայկական ավանդական տոները, վերափոխեց նրանց խորհուրդն ու նոր ձևով մատուցեց ժողովրդին: Սա բնականոն երևույթ է, սակայն չի ենթադրում, որ այսօր պետք է մերժել և ժխտել տոնի ակունքները, քննադատաբար վերաբերվել նրան, ավելին` ներմուծել օտարը, երբ մենք ունենք մերը, գեղեցիկը,,,