«Սիրով: Ինչ անում ես, պետք է անես սիրով: Ապրում եմ սիրով և սեր տարածելով»` ահա սա է Վարդուհի Ալեքսանյանի կյանքի կարգախոսներից մեկը: Լոս Անջելեսում բնակվող պարուհի-պարուսույցի նոր ֆոտոշարքի թեման սերն է, իր մտահղացմամբ լուսանկարվել է նաև մեծահասակ զույգ:
«Միացյալ Նահանգներում փետրվարը սիրո ամիս է համարվում: Համագործակցելով Գեղամ Գրիգորյանի հետ՝ որոշեցի «Grand Stage Dance» կատարողական արվեստի մեր դպրոցի հերթական ֆոտոշարքը պարող տատիկ-պապիկներին նվիրել, ովքեր ողջ կյանքը պարով են զբաղվել: Պարն է, որ գեղեցկացնում և երիտասարդ է պահում նրանց: Այդ լուսանկարահանմանը հաջորդեց իմ անհատական ֆոտոշարքի իրականացումը»,- BRAVO.am-ին պատմել է Վարդուհին:
Պարուհու խոսքով՝ Սանտա Մոնիկա փողոցում նկարահանումները բավականին զավեշտալի ընթացք են ունեցել. իր արտաքին տեսքը խցանումների պատճառ է դարձել, իսկ լուսանկարիչը ավտոմեքենաների տակ ընկնելու վտանգով է աշխատել. «Մարդիկ մոտենում և ցանկանում էին նկարահանումներին մասնակից լինել»:
Վարդուհին նշել է նաև, որ անկախ բնակության վայրից՝ առաջնայինն իր համար Սուրբ Սարգսի տոնն է: Փորձում է այդ օրը սիրառատ խոսքերով շնորհավորել նրանց, ովքեր գիտեն սիրել և սիրվել: Իր կարծիքով՝ սերը շատ կամ քիչ չի լինում, այն լինում է, կամ էլ չի լինում, ուստի Սուրբ Վալենտինի տոնը նույնպես նշում է մեծագույն սիրով:
«Ինձ միշտ սիրված մարդ եմ համարել՝ անծանոթների ջերմ հաճոյախոսություններով, 3 տարեկան և ավելի մեծ տարիքի իմ սաներով ու նրանց հարգարժան ծնողներով, ովքեր ամեն օր ջերմ ժպիտով և սիրով են գալիս իմ դպրոց, ի վերջո, հանդիսատեսիս բուռն ծափահարություններով: Իմ տեսակով սեր տարածող եմ, ժլատ չեմ այդ հարցում: Սիրտս սիրում է և սիրված է, բայց միակի համար դեռ ազատ է»,- ասել է: