Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դիմումներն ավելի արագ կդիտարկվեն, ինչպես նաև ավելի արագ կմերժեն։
Ավստրիայի համար անվտանգ պետությունների ցուցակում կներառվի Հայաստանը։ Այդ մասին հաղորդում է ավստրիական Kurier պարբերականը` հղում անելով հանրապետության ՆԳՆ ղեկավար Հերբերտ Կիկլային։ Ցուցակի մեջ կմտնեն նաև Ուկրաինան և Բենինը։ Որոշման նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն։
Հայաստանի իշխանությունները կարող են ուրախանալ, իսկ պոտենցիալ ներգաղթյալները` ոչ այդքան։ Անվտանգ երկրների բնակիչների դիմումներն արագացված կարգով կդիտարկվեն։ Իսկ եթե դիմումն առաջին հայացքից չի «ձգում» ապաստանի, ապա ներգաղթյալների հարցերով զբաղվող իշխանությունները միանգամից կմերժեն։
Նախարարի կարծիքով` դա ապաստան ստանալու հավակնորդների համար խոսուն նշան է։ Օրինակ` երբ ցուցակում ներառվել են Ալժիրը և Մարոկոն, այդ երկրներից դիմումները կտրուկ կրճատվել են։
Նախարարը հանձնարարել է ևս մեկ անգամ ստուգել, թե կյանքի համար որքանով են վտանգավոր մյուս պետությունները։ Նա պահանջել է ուշադրություն դարձնել այն երկրներին, որտեղ թույլատրված է կամ դե ֆակտո կիրառվում է մահապատիժ, մասնավորապես` Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը։
Որպես փախստականներ չպետք է թողնել նույնիսկ նրանց, ովքեր լավ են ինտեգրվել աշխատանքի շուկայում և գերմաներեն գիտեն։ Դրա համար ուրիշ միջոցներ կան. թող ներգաղթի դիմում ներկայացնեն (կարմիր–սպիտակ–կարմիր քարտ), կարծում է նախարարը։