Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքը 10 տարեկան է։ Վալենտինի օրը նրանց օվկիանոս է բաժանում, քանի որ Գրիգորն այս պահին ԱՄՆ–ում է, սակայն նրանք արդեն շնորհավորել են իրար։ Հռիփսիմեն իր նվերը կստանա, երբ ամուսինը վերադառնա ԱՄՆ–ից։
Tert.am Life–ը երգչուհու հետ խոսել է սիրո, ընտանիքի ամրության մասին։ Պարզվում է` 10 տարի առաջ հենց այս օրն են Գրիգորի ծնողները գնացել Հռիփսիմեի ընտանիքի հետ ծանոթանալու և նրա ձեռքը խնդրելու։
Տարիների հետ սերը միայն ավելացել է։ Մենք շատ ենք սիրել իրար ու տարեցտարի ավելի շատ ենք սիրում։ Բարդ է, երբ ընտանիքում 2 երեխա կա, կենցաղը, աշխատանքը պետք է համատեղել, բայց մեզ դա չի խանգարում։ Օրինակ, հիմա ինքն ԱՄՆ–ում է, ես այստեղ եմ կարոտից գժվում, նա` այնտեղ։ 10 րոպեն մեկ նամակ ենք գրում իրար։ Շատ ընտանիքներում երեխայի ծննդից հետո կենցաղային հարցերն այնքան են ճնշում, որ խնդիրներ են առաջանում, սերը նվազում է։ Մենք կարողացել ենք շրջանցել դա։
Ամուսնությունից հետո եմ սկսել ավելի շատ սիրել իրեն։ Երբ ընկերություն էինք անում, ինքը շատ սիրահարված էր, բայց ես չէի պատկերացնում, որ կարող եմ ինչ–որ մեկին այսպես սիրել։ Ես մտածում էի, որ ինքը շատ լավ մարդ է` աշխատասեր է, երեխայասեր, ծնողասեր։ Այդ ամենը հաշվի առնելով` համակրում էի իրեն։ Ամուսնությունից հետո, իր հետ կենցաղ կիսելով, հասկացա, որ նա իսկապես իմ տեսակն է, իմ կեսը։ Ամեն վայրկյան ամեն ինչ անում է, որպեսզի երջանկացնի ինձ։ Սեպտեմբերին մեր ամուսնության տասնամյակն է։ Այս 10 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել մեր հարաբերություններում։ Նա մինչև հիմա ամեն ինչ անում է, որպեսզի ես ինձ լավ զգամ։ Անում է նույնիսկ այնպիսի բաներ, որոնք չպիտի անի։
Դժվարություններ շատ են եղել։ Այնպես չէ, որ մենք ամուսնացել ենք ու ամեն ինչ ունեցել ենք։ Սկզբում իր ընտանիքի հետ էինք ապրում, բայց կրտսեր եղբայրն էլ էր ամուսնության շեմին, պետք է տան հարց լուծեինք։ Ֆինանսական դժվարություններ ունեինք, քանի որ այն ժամանակ Գոքորի գործերը շատ վատ էին։ Ֆինանսը չէր հերքում, որպեսզի կարողանայինք տուն ունենալ, ինչն ամենակարևոր բաներից է կյանքում։ Ես երբեք չէի պատկերացրել, որ դա կարող է այդքան բարդ լինել։ Ալբետոյիս ծննդից հետո հասկացանք, որ պետք է տան հարցը լուծենք։ Երկուսս էլ տարով մուկ ենք, մկների նման կամաց–կամաց հավաքելով լուծեցինք այդ հարցը։ Շատ բարդ է եղել, բայց դա չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա։ Մեզ ոչ մի օր չեն խանգարել այն հիմար մտքերը, որ տուն չունենք, մեքենա չունենք։ Մենք միասին ենք ամեն ինչ 0–ից ստեղծել ու այսօր հասել ենք լիքը լավ բաների։
Կան զույգեր, որոնք երկար տարիներ չեն կարողանում ինչ–որ բանի հասնել։ Ես միշտ ասել եմ` երբ ընտանիքում սեր կա, ամեն ինչ լավ կլինի։ Գոքորը շատ լավատես է, այն ժամանակ ասում էր` ես նայում եմ հեռուն ու տեսնում, որ մենք ամեն ինչ ունենալու ենք, այդպես էլ եղավ։
Ամբողջությամբ՝ life.tert.am