Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակիցների վերջնական ցանկը դեռևս պարզ չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ: Սակայն ֆրանկոֆոն երկու կարևոր երկրների՝ Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների մասնակցությունը հստակ է»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:
Հունվարի 24-ին L’Express պարբերականին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ գագաթնաժողովի արդյունքում «մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին»: «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- ասել էր ՀՀ Նախագահը՝ պատասխանելով, հարցին, թե ինչ նշանակություն կունենա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար: